Մեզ է հասել գրավոր մի ավանդություն Մովսես Խորենացու մասին, ըստ որի պատմահայրն հայրենիքում տասնամյակներ շարունակ ենթարկվել է դաժան հալածանքների. նրան անտես էին անում, ծաղրում, արհամարհում ու թշնամանում, դատապարտում աղքատության ու զրկանքների:
Հալածանքներից խույս տալով, արդեն ծեր հասակում, Խորենացին թաքնվում է Վաղարշապատին մերձակա գյուղերից մեկում: Նրան որոնում է Ամենայն հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացին:
Մի անգամ, այն գյուղում, ուր ծածուկ ապրում էր մեր պատմահայրը, պատվով ընդունում են հայոց հայրապետին, ով վայելում էր ազգի սերն ու հարգանքը: Ճաշի ժամանակ ներկաները կենաց են ասում կաթողիկոսի պատվին. «ապա դարձան եւ «օտարականին» նույնպես առաջարկեցին, որ մի բան էլ նա ասի»:
Ծերունին նախ հրաժարվեց, բայց թախանձանքներին ընդառաջելով՝ քերթողական ոճով շարականի նման մի գեղեցիկ ճառ ասաց: Բոլորն ապշեցին: Եւ այդ ժամանակ նրա աշակերտներից մեկը մոտենալով կաթողիկոսին հայտնեց, թե` «սա այն Մովսեսն է, որին փնտրում եք»:
Գյուտ Արահեզացին ուշադիր նայելով ծերունու կերպարանքին՝ հիշեց ընկերոջ դիմագծերը, մոտեցավ, գրկեց ու համբուրեց նրան «եւ յուր հետ տանելով՝ Բագրեւանդի եւ Արշարունյաց եպիսկոպոս ձեռնադրեց»:
Այս իրադարձությունից տարիներ անց Մովսես Խորենացին Հայոց իշխան Սահակ Բագրատունու պատվերով, գրեց իր նշանավոր «Հայոց պատմությունը»։