Գավառ քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերային ժամերից տեղումներ են թափվում թաց ձյան տեսքով:
Ձյունն արդեն նստած է մի քանի սանտիմետր շերտով, որը լեռնային և բարձրլեռնային գոտիներում ավելին է: Մարզի մյուս տարածքներում, համաձայն առանձին համայնքապետարաններից ստացված տվյալների, ձյուն է տեղացել միայն լեռնային և բարձրլեռնային գոտիներում, իսկ ահա բնակավայրերում տեղումները թափվել են անձրևի տեսքով:
Հոկտեմբերի 4-ի առավոտվա ժամերին Գավառ քաղաքում սնդիկի սյունը ցույց է տվել զրո աստիճան: Տեղացած ձյունն առանձնակի վտանգ է ստեղծել ինչպես պտղատու այգիների, այնպես էլ դեկորատիվ ծառերի համար, որոնք կարող են չդիմանալ ձյան ծանրությանը: Ձյունը ծածկել է նաև կարտոֆիլի և կաղամբի ցանքերը, որտեղ բերքը մեծ մասամբ դեռ հավաքված չէ: Վաղ ձյունը տհաճ անակնկալ էր նաև լեռնային և բարձրլեռնային գոտիների ամառային արոտավայրերում հոտեր պահող անասնապահների համար: Ժամը 9.40-ի դրությամբ Գավառում և տարածքի համայքներում ձյան տեղումները շարունակվում են: