Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:
Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Գավառ» ցանցի գլխավոր ճարտարագետ Դոլիկ Մկրտչյանը, համատարած հոսանքազրկումը կապված է խոշոր վթարի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում:
«Սարուխանի տարածքում թաց ձյան ծանրությունից ծառ է ջարդվել, որն ընկել է 35 հազար վոլտ լարման հաղորդման գծի վրա՝ վթարելով այն, ինչի հետևանքով էլ հոսանքազրկվել են բնակավայրերը: Այժմ վթարի վայրում աշխատում է մասնագետների խումբը: Մոտակա ժամերի ընթացքում էներգամատակարարումը վերոնշյալ համայնքներում կվերականգնվի»,- ասաց գլխավոր ճարտարագետը: