Սիրիայում ծնված, ծագումով հայ երգիչ Աբրահամ Ռուսսոն ռուսական БМ24 կայքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր` հայկական արմատների, ստեղծագործական նորությունների, իր կողմից գրված գրքի մասին և ոչ միայն:
Ներկայացնում ենք զրույցից որոշ հատվածներ.
«Շատերն ունեն տաղանդ և լավ տեմբր, բայց, այնուամենայնիվ, մեծ դեր են խաղում մարդու արմատները, թե նա ծագումով որտեղից է: Ծնվել եմ Թուրքիայում ապրող հայկական ընտանիքում, սիրել եմ Թոմ Ջոնսոնին և Էլվիս Պրեսլիին, երգել եմ իտալերեն: Մարդու ներաշխարհում տարբեր մշակույթների խառնուրդը տալիս է իր պտուղները: Կարող եմ ասել, որ իմ` երգիչ դառնալը նախասահմանված էր ի վերուստ»:
Երգիչը պատմել է նաև, որ տիրապետում է հայերենին, գրաբարին, ադրբեջաներենին, թուրքերենին և արաբերենին:
«Շատ ազգեր ինձ համարում են իրենց հայրենակիցը, ես ինքս ինձ ոչ մի տեղ օտար չեմ զգում: Այդ ամենն ազդում է իմ երաժշտական ճաշակի վրա և արտացոլվում է իմ երգերում»:
Շուտով լույս է տեսնելու նաև Աբրահամ Ռուսսոյի հեղինակած գիրքը` «Ճշմարտության փնտրտուքների մեջ» վերնագրով, որն ինքնակենսագրական չէ: Բացի դրանից, երգիչն իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ և հանդես կգա համերգային նոր շոուով: