Դերասանուհի Իռա Հարությունյանը երկարատև լռությունից հետո նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Դերասանուհին նոր կերպարի, ինչպես նաև կինոարվեստում 1.5 տարեկան որդու առաջին քայլերի մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Ինչպես մարդիկ գիտեն, էկրաններից իմ երկարատև բացակայությունը կապված էր հղիությանս, ապա որդուս լույս աշխարհ գալու հետ: Այդ լռությունը չեղարկվեց այս տարվա սկզբին, երբ նկարահանվեցի «Քավարան» 25 մասանի հեռուստասերիալում և մի գեղարվեստական ֆիլմում: Դե իսկ երկարատև հեռուստասերիալների առումով վերադարձա բոլորովին վերջերս, երբ առաջարկ ստացա նկարահնվել «Նռան հատիկ»-ում: Պետք է խոստովանեմ, որ «Առաջնորդները» հեռուստասերիալի ավարտից հետո սպասում էի, որ Դիանա Գրիգորյանի հաջորդ նախագծի համար հրավեր կունեամ, քանի որ այս թիմն ինձ համար չափազանց հարազատ է: Այստեղ բոլորը` սկսած վարորդից, մինչև ստեղծագործական թիմ ինձ համար ընտանիքի նման են: Էլ չասեմ Դիանա Գրիգորյանի մասին, ում հետ ինձ շատ հարմարավետ է աշխատելը: Պատկերացրեք, երբ նա ինձ առաջարկեց նկարահանվել, անգամ չեմ մտածել, անմիջապես համաձայնել եմ, որովհետև համոզված էի, որ որակյալ աշխատանք է լինելու: Բացի այդ, իմ տեսակից ելնելով` չեմ կարողանում դավաճանել ու փոխել կազմն ու հեռուստաընկերությունը, ի վերջո գրեթե տասը տարի է այս թիմում եմ»,- պատմեց Իռա Հարությունյանը:
Նրա համար շատ կարևոր է դերասանական անձնակազմը: «Նռան հատիկում» Իռան այս առումով ևս իրեն ազատ ու հարմարավետ է զգում:
«Բավականին հետաքրքիր կազմ է հավաքված: Թեև նախորդ նախագծերից շատերը մասնակցություն ունեն, սակայն իմ անմիջական խաղընկերներն ինձ համար նոր էին, քանի որ նրանց հետ նախկինում երբեք չէի աշխատել: Ամուսնուս դերը Արա Դեղտրիկյանն է մարմնավորում, տղայիս` Մովսես Երեմյանը, իսկ աղջկաս` Ադրիանա Գալստյանը: Նրանցից ոչ մեկի հետ նախկինում չեմ աշխատել, բայց միմյանց արագ հասկացանք ու անցանք գործի: Շատ հաճելի միջավայրում եմ աշխատում, ինչի համար իսկապես ուրախ եմ, քանի որ դա միայն նպաստում է լավ արդյունքին»,- նշեց նա:
«Հերոսուհիս` Վիվիենը, գլխավոր հերոսի մայրն է, ով մասնագիտությամբ դերասան է, բայց խանդոտ ամուսնու պատճառով երբեք չի աշխատել ու այդպես էլ դերասանուհի դառնալը մնացել է երազանք: Միաժամանակ, նա ունի իրեն շատ սիրող ամուսին, չափազանց լավ երեխաներ: Նրանց ընտանիքում սեր ու համերաշխություն է տիրում, նրանց տանը չկա վեճ: Հաճելի է, որ մարմնավորում եմ շատ օրինակելի ընտանիքի մոր կերպարը, քանի որ այս ընտանիքը ինչ-որ իմաստով նաև ուսուցողական կլինի մարդկանց համար: Մեր ընտանքիը ցույց կտա, թե ինչպես պետք է լինի կնոջ և տղամարդու հարաբերությունները, և ինչպես պետք է լինի իսկական ընտանիքը: Բավականին հետաքրքիր են ընթանում իրադարձությունները, որոնք հեռուստադիտողը կբացահայտի արդեն ընթացքում»,- իր հերոսուհու մասին խոսելիս` պատմեց Իռան:
Հիմա, երբ աշխատանքային զբաղվածությունը մեծացել է, Իռա Հարությունյանը վստահեցրեց, որ միևնույն է, հիմնական ուշադրությունը փոքրիկի վրա է կենտրոնացած: Ավելին, Իռայի 1.5 տարեկան որդին պատրաստվում է նկարահանվել պարսկական ֆիլմում.
«Վերջերս առաջարկ ստացա նկարահանվել պարսկական արտադրության մի գեղարվեստական ֆիլմից: Արդեն համաձայնել էի, երբ իմացա, որ նրանք տեսել են նաև որդուս նկարն ու ուզում են, որպեսզի նա էլ նկարահանվի: Որքանով հասկացել եմ, տղայիս կադրերն ինձ հետ չեն լինի, բայց ուրախ եմ, որ նա իր առաջին քայլերն է անում այս ոլորտում: Հուսամ ամեն ինչ բարեհաջող կընթանա, իսկ մանրամասների մասին կպատմեմ ավելի ուշ, երբ կայանան նկարահանումները: Ինչ վերաբերվում է զբաղվածությանս հետևանքով ուշադրությանս պակասին, դա այնքան էլ այդպես չէ: Իմ բացակայության ընթացքում տղայիս խնամում է մայրս, երեկոյան էլ ամուսինս է օգնում, բայց ուշադրությունս միշտ ընտանիքիս կողմն է: Վստահաբար, երեխաներս ուրախ են, որ մայրիկն իրեն լավ է զգում, երբ աշխատում է: Դա միայն դրականորեն է անդրադառնում ընտանիքիս վրա»,- ավարտեց դերասանուհին