Բուժհաստատությունները, որոնք կստանան պալիատիվ օգնություն տրամադրելու արտոնագիր, կկարողանան աշխատել ոչ միայն ըստ այն հասցեի, որտեղ դրանք պաշտոնապես գրանցված են, այլև այլ հասցեներով. այդ բուժհաստատությունների մասնագետները կկարողանան պալիատիվ օգնություն ցուցաբերել տներում ու այլ կլինիկաներում։ Այդ մասին օրինագիծը հիմա քննարկվում է ԱԺ-ում։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Փոխնախարարի խոսքով՝ բուժհաստատությունների լիցենզավորման համար ներկայացվող պահանջներն արդեն ձևակերպված են ու առաջիկա օրերին դրանք կներկայացվեն հաստատման։ Ցանկացած բուժհաստատություն կկարողանա արտոնագիր ստանալ։ Ճիշտ է, մինչև ամբողջ համակարգը սկսի աշխատել՝ անհրաժեշտ է, որ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք կներառվեն պալիատիվ օգնության տրամադրման գործում, անցնեն նախապատրաստում ու ստանան անհրաժեշտ գիտելիքներ։ Արդեն հիմա, ինչպես նկատեց փոխնախարարը, պատրաստում են այն մասնագետների ցուցակը, որոնք պետք է վերապատրաստվեն։ Բացի դրանից, արդեն պատրաստվում է նրանց աշխատանքի ձեռնարկ համար ու իրականացվում են նրանց ծառայությունների մոտավոր արժեքի հաշվարկները։
Այլ երկրների փորձին ծանոթանալու համար, Հայաստանից մի քանի մասնագետներ մոտ ապագայում կմեկնեն Ուկրաինա։ Անցյալում, ներդնելով պալիատիվ բժշկությունը, ուկրաինացի մասնագետները բազմաթիվ սխալներ են գործել, բայց գտել են դրանք շտկելու ու արդյունավետ աշխատանք կազմակերպելու միջոց։
«Մեր մասնագետները ծանոթանում են Ուկրաինայի փորձին, որպեսզի հասկանան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ պալիատիվ օգնության ներդրման ընթացքում ու ինչ սխալներից մենք պետք է խուսափենք»,- նշել է փոխնախարարը։
Ինչ վերաբերում է պալիատիվ ծառայությունների ֆինասնավորմանը, ապա Սերգեյ Խաչատրյանի խոսքով, առաջիկա 2-3 տարիներին պետությունը դժվար թե կարողանա ստանձնել դրանք՝ ամենայն հավանականությամբ սկզբում դրանք վճարովի ծառայություններ կլինեն, բայց բացառված չէ, որ ապագայում պետությունը կկարողանա դրա համար բյուջեից միջոցներ հատկացնել։
«Հիմա մեզ համար ամենակարևորն աշխատող ենթակառուցվածք ստեղծելն է։ Եթե այն չլինի՝ նույնիսկ ֆինանսավորման առկայությունը մարդկանց որևէ օգուտ չի բերի»,- նշեց փոխնախարարը։
med.news.am