Կապանից առաջին ինքնաթիռը մայիսին արդեն կուղևորվի Երևան: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:
«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին:
Մարզպետի հավաստմամբ՝ Կապանի օդանավակայանի կառուցումը ոչ թե կոմերցիոն ծրագիր է, այլ սոցիալական՝ միտված բնակիչների կյանքի հեշտացմանը:
«Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ: Մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում, ինչի հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց նա:
Մարզպետն ասաց, որ տոմսերի գները դեռևս վերջնականապես որոշված չեն, սակայն տատանվելու են 30-40 հազարի դրամի սահմաններում, ինչպես նաև լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք շտապ հասցվեն Երևան: