«Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը Հայաստանում արդեն 10 տարուց ավելի է՝ կիրառվում է: Մինչ այժմ պատվաստման բացասական հետևանքների հետ կապված որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Պատվաստումը Հայաստանում եղել է կամավոր: Մեկ պատվաստման ցիկլը, որը բաղկացած է 2-3 ներարկումից արժեր 300 դոլարին համարժեք դրամ: Արդեն իսկ պատվաստվել է 1 500-2 000 աղջիկ և կին, որոնց մոտ հետպատվաստումային որևէ ռեակցիա չի գրանցվել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով` Ամերիկայում ևս այդ պատվաստանյութը հաջողությամբ է կիրառվել: «Պատվաստանյութը կներդրվի դեկտեմբերից: Պատվաստանյութի հետ կապված իրազեկման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթներին»,-ասաց նախարարը:
Դժգոհություններն ու տարատեսակ շահարկումները բացառելու նպատակով նախարարը հավաստիացրեց՝ պատվաստանյութն առաջինը կստանան առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի անդամների դուստրերը և թոռները:
Նախաքաղցկեղային և քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից մինչև 13 տարեկան աղջիկները կպատվաստվեն: Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումն իրականացնող 71 երկրի փորձը վստահեցնում է, որ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ: