Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարն իր անսպասելի իրադարձություններով արդեն հասցրել է գրավել հեռուստադիտողին: Սերիալներ դիտել չսիրող Անի Ամիրյանը մեծ ուշադրությամբ է հետևում այս ֆիլմարաշարի զարգացումներին և, իր խոսքով, ոչ թե այն պատճառով, որ ինքը ևս նկարահանվել է այստեղ, այլ Մ. Մկրտչյանը կարողացել է առաջին սերիայից հետո լարված պահել հեռուստադիտողին և այդ թվում նաև իրեն:
«Երբ սկզբում սցենարին ծանոթացա, արդեն հասկացա, որ հետաքրքիր մի բան է լինելու, սակայն հետաքրքրությունը կրկնապատկվեց արդեն հեռուստատեսային ցուցադրության ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ լարված հետևում եմ զարգացումներին: Բայց այստեղ պետք է շեշտեմ, որ սերիալը չեմ նայում նրա համար, որ ես էլ եմ խաղում այնտեղ: Ես սերիալներ առհասարակ չեմ նայում, ու կապ չունի դրանք հայկական են, հնդկական են, ամերիկյան, թե բրազիլական, ես սերիալ նայող տեսակ չեմ ու զարմանում եմ, թե ինչպես եմ ամեն օր սպասում այս ֆիլմաշարին: Այստեղ կա հետաքրքիր սյուժե, հավաքված են տաղանդավոր դերասաններ, այն նախադեպը չունեցող աշխատանք է, և ի վերջո, այն նկարահանել է ինձ շատ հարազատ մարդ, այնպես որ այն դիտելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունեմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Ամիրյանը:
Անդրադառնալով դերասանական արվեստում իր առաջին քայլերին՝ Անին պատմեց մեկնարկի մասին.
«Իրականում «Հոսանքին հակառակ» հեռուստասերիալն իմ առաջին քայլը չէ: Դրանից առաջ կրկին Մհերի առաջարկով նկարահանվել եմ մեկ այլ ֆիլմում, որի մասին չեմ մանրամասնի, քանի որ այն դեռևս չի ցուցադրվել: Հենց այդ ֆիլմում, այսպես ասած, փորձաշրջան անցնելուց հետո Մհեր Մկրտչյանից առաջարկ ստացա նկարահանվել «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում: Իրականում, ես ու Մհերը ընտանիքներով շատ մտերիմ ենք դեռ այն ժամանակից, երբ նա եկավ Հայաստան: Այսինքն` մեր մեջ հատուկ պաշտոնական հրավեր կամ հարաբերություն չկա, ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար»,- պատմեց մեր զրուցակիցը, իսկ հարցին` մտերմությունը օգնում, թե խանգարում է, պատասխանեց.
«Մենք շատ լավ տարանջատում ենք մտերմությունը աշխատանքից: Նկարահանման հրապարակում մենք գործընկերներ ենք. ես ենթարկվում եմ ռեժիսորի բոլոր հրահանգներին, իսկ նա էլ, որպես դերասանուհու, ինձնից փորձում է ստանալ մաքսիմումը իմ կարողությունների շրջանակում: Ինձ երբեք ավել բան թույլ չեմ տա մեր մտերմության հաշվին, երկուսս էլ գիտակ ու հասուն մարդիկ ենք, ուստի մտերմությունը միայն աշխատանքային պրոցեսից դուրս է»:
Խոսելով իր կերպարի և որպես դերասանուհի ներկայանալու դժվարությո ւնների մասին` Անին պատմեց.
«Այս հարցում ինձ անասելի մեծ օգնություն է ցուցաբերել դերասան Բաբկեն Չոբանյանը, ով ինձ համար ուղղակի մեծություն է: Նրան նախկինում ծանոթ չէի, միայն որպես հանդիսատես էի ճանաչում: Ինձ համար դժվար էր պատկերացնել, թե ինչպես ենք ջերմ քույր ու եղբայր խաղալ այն դեպքում, երբ իրար բացարձակապես չէինք ճանաչում: Պատկերացրեք, առաջին անգամ, երբ իմացա, որ նրա հետ պետք է խաղամ, ոտքերս թուլացան, մտածում էի, թե տապալվել եմ, որովհետև կամ պետք է շատ լավ խաղայի, որ երևայի նրա կողքին, կամ պետք է նա ինձ տապալեր ու էլ ավելի լավը երևար: Դա կախված էր հենց նրա մարդկային տեսակից, իսկ նա, ի ուրախություն ինձ, հրաշալի մարդ է, նա ինձ ամեն կերպ օգնում էր, այնպես որ որպես դերասանուհի ներկայանալու իմ հաջողության մի մեծ մասը հենց նրան եմ վերագրում: Ես շատ շնորհակալ եմ Մհեր Մկրտչյանին, Բաբկեն Չոբանյանին ու մեր ողջ թիմին, որովհետև, եթե նրանք չլինեին, գուցե ֆիլմի կեսից հրաժարվեի նկարահանվել»:
Անի Ամիրյանի ամուսինը` դերասան Ստեփան Ղամբարյանը, կնոջ հետ նկարահանման հրապարակում չի եղել, բայց շատ է սատարել նրան:
«Ես ու Ստեփանն այդ հարցերում իրար չենք խանգարում: Քանի որ նա այս ֆիլմում չէր նկարահանվում, ուստի ինձ հետ չէր էլ գալիս: Միայն տանն էինք ամփոփում, նա ինձ խորհուրդներ էր տալիս, իսկ հիմա, երբ արդեն ֆիլմը դիտում է, ինձ շատ է ոգևորում, ինչպես ամեն հարցում, այս անգամ էլ իմ կողքին է: Աղջիկս էլ շատ հետաքրքրությամբ է նայում մայրիկին: Նա սովոր է մայրիկին ու հայրիկին հեռուստատեսությամբ տեսնել, հիմա էլ իմ տեսարանների ժամանակ ամեն ինչ թողնում է ու ուշադիր նայում»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ի դեպ` Անի Ամիրյանը կրկին հրավեր ունի Մհեր Մկրտչյանի կողմից, հնարավոր է, որ առաջիկայում նա մասնակցություն ունենա նոր գեղարվեստական ֆիլմում:
«Մհերի հետ ֆանտաստիկ խումբ է աշխատում, որտեղ բոլորը կարծես հանուն լավ աշխատանքի, հանուն նաև քեզ գործեն: Այստեղ կա ընտանիքի նման ջերմ մթնոլորտ, որտեղ աշխատելն ուղղակի հաճույք է: Նման վերաբերմունքը հենց համարվում է հաջող աշխատանքի գրավականը: Շատ կցանկանամ միշտ Մհերի խմբում աշխատել»,- ավարտեց Անին: