WBC-ն կարող է ծանր քաշի նոր կարգ ավելացնել
Advertisement 1000 x 90

WBC-ն կարող է ծանր քաշի նոր կարգ ավելացնել

Բռնցքամարտի համաշխարխային խորհուրդը (WBC) կարող է ստեղծել 18-րդ քաշային կարգը:

WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանի խոսքով, կազմակերպությունն ուսումնասիրում է սուպերծանր դիվիզիոնը երկու քաշային կարգի բաժանելու տարբերակը` ծանր և սուպերծանր:

Այս կերպ, կազմակերպությունը ցանկանում է բացառել ծանր դիվիզիոնի բռնցքամարտիկների քաշերի միջև չափազանց մեծ տարբերությունը:

Ժամանակին, ներկայիս առաջին ծանր քաշը ստեղծվել է, որպեսզի բացառի 175 ֆունտից ոչ ավելի քաշ ունեցող բռնցքամարտիկների մենամարտերը 190 ֆունտ կշռող մարզիկների հետ (ավելի ուշ սահմանափակումը բարձրացվել է 200 ֆունտի):

Սուլեյմանի խոսքով, նոր կարգը, եթե ընդունվի, կսկսվի 200 ֆունտից բարձր սահմանափակումից, սակայն դեռևս որոշված չէ, թե որտեղ այն կավարտվի.

«Մենք WBC-ի բժշկական թիմին խնդրել ենք հետազոտություն իրականացնել: Կան բռնցքամարտիկներ, որոնք կշռում են 210 ֆունտ, իսկ կան այնպիսիք, որոնց քաշը գերազանցում է 250-ը: Իսկ սա հսկայական տարբերություն է: Բայց մենք նաև հարցում կանցկացնենք բռնցքամարտիկների շրջանում, որպեսզի հասկանանք, թե իրենք անձամբ ինչպես են հաղթահարում այսպիսի տարբերությունը»,- Սուլեյմանի խոսքերն է փոխանցում «BoxingScene»-ը:

armsport.am