10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Քրիստ Մանարյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Քրիստ Մանարյանը

Գրեթե յուրաքանչյուրիս կյանքում կան ֆիլմեր, որոնք սովորաբար առաջին դիտումից դառնում են ընկերներ ամբողջ կյանքի համար, և որոնց հետ հանդիպումը միշտ սպասված է, տեղին և հաճելի: 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացին այս շաբաթ միացած երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանի կյանքում նույնպես կան ֆիլմեր, որոնք, ըստ իր իսկ բնորոշման, պատրաստ է նորից ու նորից դիտել՝ միշտ շունչը պահած:

«Տժվժիկ»

Հայ կինոռեժիսոր և սցենարիստ Արման Մանարյանի կարճամետրաժ կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա:

Նիկողոս աղան (Ցոլակ Ամերիկյան) կովի լյարդ է գնում Ներսես աղբարի (Հրաչյա Ներսիսյան) համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։ Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Քաջ սիրտը» (Braveheart)

«Քաջ սիրտը» պատմական դրամայի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է: Ֆիլմի գործողությունները սկսվում են 1280 թվականին, Շոտլանդիայում: Սա լեգենդար ազգային հերոս Ուիլյամ Ուոլլեսի (Մել Գիբսոն) պատմությունն է, ով Էդուարդ Երկարաոտի (Պատրիկ ՄաքԳոհան) թագավորության օրոք իրեն նվիրել էր անգլիացիների դեմ պայքարին:

Նա վաղ հասակում կորցրել է հորը, ում սպանել են անգլիացիները: Ուիլյամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը, ով նրան լավ կրթության է տալիս Եվրոպայում: Ուիլյամը հայրենիք է վերադառնում՝ որպես չափահաս մարդ, ով երազում է ընտանիք ունենալ և ապրել խաղաղ կյանքով:

Բայց ճակատագիրն այլ կերպ է դասավորվում: Նրա հարսնացուին սպանում են անգլիացիները, և նա սկսում է իր պայքարը հանուն ազատության:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Սալվադոր» (Salvador)

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմը պատմում է արևադարձային դրախտի մասին, որում հասանելի են աշխարհի բոլոր հաճույքները: Գույներ, ֆանտաստիկ կանայք, խմիչք, թմրանյութեր. և այս ամենը՝ գրեթե անվճար: Լրագրող Ռիչարդ Բոյլը (Ջեյմս Վուդս) գիտի Սալվադորը հենց այդպիսին, նա անցկացրել է այստեղ բազմաթիվ հիշարժան ամիսներ:

Կնոջ հեռանալուց, աշխատանքից հեռացվելուց և բանտում հայտնվելուց հետո նա իր ընկերոջը համոզում է փախչել հենց այստեղ: Ի տարբերություն դժոխքի բոլոր շրջաններով անցած Ռիչարդի՝ Ռոկը (Ջեյմս Բելուշի) անհոգ արկածախնդիր է: Եվ եթե նա կարողանար ապագան կանխագուշակել կամ թերթեր կարդար, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել: Հեռավոր դրախտը, որն այդքան լավ գիտեր Ռիչարդը, վերածվել է սարսափելի, արյունոտ քաղաքացիական պատերազմի ասպարեզի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կեսգիշերային ճեպընթաց» (Midnight Express)

1978 թվականին ռեժիսոր Ալան Փարքերի կողմից նկարահանված ֆիլմի սցենարը հիմնված է իրական փաստերի վրա: Դեպքը տեղի է ունեցել երիտասարդ ամերիկացի Բիլի Հեյսի հետ 1970-ական թվականներին։ Փոքր հանցագործության համար Բիլին (Բրեդ Դեյվիս) Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտվում է աննախադեպ երկար ազատազրկման:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սպիով դեմքը» (Scarface)

1983 թվականին նկարահանված գանգստերական դրամայի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը՝ Օլիվեր Սթոունը, գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն։ Ֆիլմը հանդիսանում է ռեժիսոր Հովարդ Հոուքսի՝ 1932 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, որտեղ գլխավոր հերոսի դերում խաղացել է Պոլ Մունին։

1980 թվականի գարնանը՝ Մեյրիել Հարբոր նավահանգստի բացվելուց հետո, հազարավոր կուբացի փախստականներ ներգաղթում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան երազանքը որոնելու համար: Նրանցից մեկը գտնում է այն Մայամիի արևոտ փողոցներում: Նրան կոչում էին Թոնի Մոնտանա (Ալ Պաչինո): Բայց աշխարհը հիշեց նրան այլ անունով՝ «Սպիով դեմքը»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ճեղքելով ալիքները» (Breaking the Waves)

Լարս ֆոն Թրիերի կողմից 1996 թվականին նկարահանված ֆիլմը ռեժիսորի «Ոսկե սիրտը» եռերգության («Ճեղքելով ալիքները», «Ապուշները», «Խավարում պարողը») առաջին ֆիլմն է։

Շոտլանդիայի արևմտյան մասում՝ խիստ կանոններով կրոնական համայնքում ապրում է երիտասարդ Բեսս Մաքնիլը (Էմիլի Ուոթսոն), ով սիրահարվում է բաց ծովում՝ նավթային հորատանցքում աշխատող Յանին (Ստելլան Սքարսգորդ): Չնայած հարազատների ընդդիմությանը՝ նրանք ամուսնանում են:

Կարճ ժամանակ անց Յանը վերադառնում է իր աշխատանքին: Բեսը խնդրում է Աստծուն, որպեսզի Յանը միշտ իր կողքին լինի: Շուտով նրա խնդրանքը կատարվում է. Յանը վերադառնում է, սակայն՝ կաթվածահար վիճակում։ Ի՞նչ կարող է երիտասարդ կինն անել՝ ամուսնուն փրկելու համար: Ի՞նչ զոհաբերության նա կարող է գնալ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Փամփուշտներ Բրոդվեյի վրա» (Bullets over Broadway)

Ամերիկյան նշանավոր ռեժիսոր Վուդի Ալենի ֆիլմը պատմում է երիտասարդ և տաղանդավոր դրամատուրգի՝ Դեյվիդ Շայնի (Ջոն Քյուսաք) մասին, ով չի կարողանում գումար գտնել պիեսի բեմադրության համար: Նրան օգնության է հասնում հայտնի գանգստեր Նյու Յորքից՝ առաջարկելով գումար, բայց պահանջելով գլխավոր դերը տալ իր անտաղանդ ընկերուհուն: Պիեսի հեղինակը երկընտրանքի առջև է կանգնած. կա գումար և կա անտաղանդ դերասանուհի, չկա դերասանուհի, չկա պիես:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Փախստական գնացքը» («Поездбеглец»)

Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու արկածային ֆիլմը պատմում է Ալյասկայում անհայտ ուղղությամբ և առանց կանգառների խենթ արագությամբ ընթացող գնացքի մասին: Վարորդը մահացած է, և ոչ ոք չի կարողանում կանգնեցնել այդ հսկային:

Գնացքում գտնվում են բանտից փախած երկու հանցագործներ և երիտասարդ կին, և յուրաքանչյուր նոր կիլոմետրը նրանց կամ մահվան է մոտեցնում, կամ փրկության:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռև նորից գարուն» (կոր.՝ 봄여름가을겨울 그리고 )

Կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։

Վանականը, թեև իմաստուն լինելով, ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Տիկնայք և պարոնայք» (Signore & signori)

Իտալացի դերասան, կինոռեժիսոր Պիետրո Ջերմիի կինոնկարում ներկայացված է իտալական փոքրիկ, գավառական քաղաքի կյանքը. ամուսնություն, դավաճանություն, ծնունդ և մահ: Ֆիլմի սյուժեն կարելի է արտահայտել մեկ նախադասությամբ. «Յուրաքանչյուրն անում է դա, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին»:

Ֆիլմը ցույց է տալիս Իտալիայի բնակչության 80 տոկոսի կյանքը. յուրաքանչյուր իտալացի կարող է պատմել նմանատիպ պատմություն:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան