Թրամփի գործողություններն սպառնում են երրորդ աշխարհամարտով. սենատոր Քորքեր
Advertisement 1000 x 90

Թրամփի գործողություններն սպառնում են երրորդ աշխարհամարտով. սենատոր Քորքեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Այդ մասին The New York Times թերթին հայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպես «ռեալիթի շոու»:

«Նա ինձ անհանգստացնում է: Նա պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,- ընդգծել է սենատորը:

Քորքերը քննադատել է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով, սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել է, թե իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին:

«Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում, կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- նշել է սենատորը:

Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»: