Մայիլով եղբայրները կամ, ինչպես նրանց անվանում էին, «խավիարային արքաները» անցած հարյուրամյակի սկզբում ռեկորդային ժամանակահատվածում կառուցեցին Ադրբեջանի օպերայի և բալետի ազգայնի ակադեմիական թատրոնը, որը մինչև այսօր էլ Բաքվի հպարտությունն է։ Իսկ այն ստեղծելու խթան է հանդիսացել… սերը։
«… Բաքվի ամենալավ թատրոնը, որն արտացոլում է քաղաքի ոգին»… Մի անգամ թատրոնի մասին այսպես է արտահայտվել Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ջանեթ Սալիմովան։
Այսօր Բաքվի հպարտություն համարվող թատրոնը կոչվում է դրամատուրգ Միրզա Ֆաթալի Ախունդովի անունով, սակայն ժամանակին այն կրել է հայկական արմատներ ունեցող Մայիլով եղբայրների անունը։
Սերը հրաշքներ է գործում
XX դարի սկզբին «խավիարային արքաներ» Դանիլ և Իլիա Մայիլովները (Մայիլյան) որոշեցին Բաքվի` իրենց պատկանող տարածքում օպերային թատրոն կառուցել։ Որոշումն անհիմն չէր…
10-ական թվականներին հյուրախաղերով Բաքու էր եկել օպերային ռուս հայտնի երգչուհին։ Նավթով հարուստ քաղաքում նա մոտավորապես մեկ ամիս անցկացրեց։ Սակայն այդ ժամանակ օպերային թատրոն չկար, և նա ստիպված ելույթ էր ունենում այնպիսի վայրերում, որոնք բացարձակապես կապ չունեին բարձր արվեստի հետ։
Մեկնելուց առաջ, երբ հրաժեշտի երեկո կազմակերպվեց, հավաքվածները հետաքրքրվեցին, թե երբ նրան կրկին կտեսնեն Բաքվում։ Երգչուհու պատասխանը հուսադրող չէր։ «Երևի երբեք։ Ես սովոր չեմ ելույթ ունենալ խաղատներում ու կրկեսում։ Պարզապես ապշում եմ` ինչո՞ւ ձեր գեղեցիկ ու հարուստ քաղաքում, որտեղ առատաձեռն ասպետներ են ապրում, օպերային թատրոն չկա, որպեսզի երգիչները կարողանան ներկայացնել իրենց արվեստը»։
Բաքվի օպերայի թատրոնը, 1911 թվական:
Երգչուհին պատրաստվում էր մոտ մեկ տարով հյուրախաղերի մեկնել Ճապոնիա, այնուհետև վերադառնալ Ռուսաստան։ Նրա ասածից հետո երգչուհուն սիրահարված Դանիլ Մայիլովը խոստացավ 10 ամսվա ընթացքում օպերային թատրոն կառուցել։ «Մեր քաղաք եկեք մեկ տարի անց։ Մենք ձեր արվեստին արժանի շենք կկառուցենք, բացումն էլ դուք կանեք»…
Այս խոստման մասին իմանալով` մեկ այլ միլիոնատեր` Հաջի Զեյնալաբդին Թագիևը, գրազ եկավ եղբայրների հետ, որ նրանք չեն հասցնի։ Գրազի պայմաններն էլ սրանք էին. եթե շենքը պատրաստ չլինի մեկ տարում, Մայիլովները կդադարեցնեն շինարարությունը և շենքը կնվիրեն Թագիևին, իսկ եթե նրանք հասցնեն կառուցել նշված ժամանակահատվածում, ապա միլիոնատերը կվճարի շինարարության ծախսերը։
Մինչև հիմա էլ հայտնի չէ, թե որքանով է ստույգ այս պատմությունը, բայց այն հերքել էլ չի կարելի։
Հստակ է, որ շենքը կառուցվել է 10 ամսից էլ քիչ ժամանակում։ Իսկ այդ թվականներին նման շենք կառուցելու համար 10 ամիսն իսկապես ռեկորդային թիվ էր։ Դժվար թե առանց որևէ պատճառի Մայիլովները որոշեին այդքան կարճ ժամանակում շենք կառուցել։
Պատասխանատու գործը եղբայրերը վստահեցին հայ ճարտարապետ Նիկոլայ Գևորգի Բաևին, որն այդ ժամանակ Բաքվի քաղաքային վարչության գլխավոր ինժեներն էր։ Օպերային թատրոնի բացումը կայացավ 1911 թվականի փետրվարին։
Նշանակալի իրադարձության մասին հիացական հոդված գրեց «Բաքվեցին» թերթը։
«Մենք գլուխ ենք խոնարհում Բաևի էներգիայի, տաղանդի ու աշխատասիրության առջև։ Իսկապես, ոչ բոլոր վարպետները կկարողանային յոթ-ութ ամսում նման շքեղ շենք կառուցել լերկ տարածքում։ Այս թատրոնն անգին նվեր էր Բաքվի համար…»։
Գոթական ոճով կառուցված շինությունը, որը զուրկ չէ մոդեռնի տարրերից, Նիկոլայ Բաևի լավագույն աշխատանքներից է։ Իսկ փաստն այն մասին, որ շենքի կառուցման գործում մեծ դեր են ունեցել Մայիլով եղբայրները, պահված է պատմության արխիվում։