Ռուսական «Матч ТВ» սպորտային հեռուստաալիքի կառավարումը փոխանցվել է «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսությանը» («ГПМ РТВ»), որի գլխավոր տնօրենն Արթուր Ջանիբեկյանն է: Այս մասին գրել է «Ведомости»-ն, հղում անելով «Газпром медиа»-ի ներկայացուցիչ Իրինա Օսադչայային:
Մինչև հիմա «Матч»-ը ղեկավարել է Դմիտրի Գրանովը: Նրա անմիջական ղեկավարը եղել է «Газпром-медиа»-ի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն: Ներկայումս սպորտային բաժինը ղեկավարվում է մեկ այլ մերձհոլդինգի՝ Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության կողմից, իսկ Գրանովը «Матч»-ի գլխավոր տնօրենից դարձել է գործադիր տնօրեն, հաղորդել է Օսադչայան:
Նա նաև հայտնել է, որ գլխավոր տնօրենի գործառույթն իրականացնելու է «ГПМ РТВ»-ն: Նույն սկզբունքով մերձհոլդինգը արդեն 2 տարի է ղեկավարում է «ТНТ»-ն: Փաստացի դա նշանակում է, որ «Матч ТВ» պատասխանատուն Արթուր Ջանիբեկյանն է, ինչպես նաև Վլադիմիր Չոպովը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Չոպովը «ГПМ РТВ»-ի բիզնես նախագծերի էֆեկտիվության պատասխանատուն է:
Այսպիսով, «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին նույնպես ենթարկվելու է Ջանիբեկյանին և ոչ թե Գրանովին, պարզաբանել է Օսադչայան: