Այսօր հայտնի դարձավ, որ կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ, 57-ամյա Գևորգ Մկրտչյանը:
Գևորգ Մկրտչյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն անհայտ անձինք պայթեցրել էին նրա «Նիվա» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում): Այդ պահին ՔԿՀ պետը մեքենայում չի եղել: ՔԿՀ-ի պետի մեքենան նռնակով էին պայթեցրել: Այդ ժամանակ Գևորգ Մկրտչյանը մեր զրույցում ասել էր, ոչ ոքի չի կասկածվում, ինչպես նաև հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ նշելով, թե ոչ ոքի վատություն չի արել:
Նշենք, որ Գևորգ Մկրտչյանը մոտ 20 տարի է, ինչ ՔԿՀ համակարգում է, աշխատել է տարբեր վայրերում, արդարադատության գնդապետ է: Ըստ այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել, և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումար:
Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չի հրապարակել Գևորգ Մկրտչյանի հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: