Հեքիաթ, որտեղ մարդակերներ ու կախարդներ չկան
Advertisement 1000 x 90

Հեքիաթ, որտեղ մարդակերներ ու կախարդներ չկան

Թատրոնի ու կինոյի դերասան և ռեժիսոր Կորյուն Մայիլին երեխաները ճանաչում են որպես մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ «Քեռի Մուլտիկնիկ»։ Կորյունն ունեցել է բազում հեղինակային հեռուստահաղորդումներ, որոնց ընթացքում հասկացել է՝ միակ հանդիսատեսը, որ չի ստում՝ երեխաներն են։ Նրա խոսքով, այս կերպարը ստեղծվեց, քանի որ հայկական գրեթե բոլոր հեքիաթների հերոսները հիմար են (Ձախորդ Փանոսը, Սուտլիկ որսկանը, Կիկոսը…), երեխաները նրանցից օրինակ չունեն վերցնելու։ «Խորհրդային Միության տարիների հանգիստը, նուրբ ու դաստիարակչականն այսօր վերացել է։ Այս կերպարը եկել է դրա համար, բայց ոչ խորհրդային մտածելակերպով։ Քեռի Մուլտիկնիկն ավելի ազատ ու անկեղծ է, ինչպես երեխաները»,- ասում է Կորյունը։

mard5

Երեխաների կողմից սիրված ու ճանաչ-ված հերոսի՝ Քեռի Մուլտիկնիկի կողմից ստեղծված «Մուլտիկնիկ» հեքիաթը բեմադրվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ներկայացումը մտել է թատրոնի խաղացանկ։ Հեքիաթի հեղինակը դերասան Արմեն Սանթրոսյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Կորյուն Մայիլը։ Վերջինիս է պատկանում նաև բեմի գունեղ ու հեքիաթային ձևավորումը։ Երգերի հեղինակներն են Արա Գևորգյանն ու Իշխան Ղարիբյանը։ Հեքիաթում, հին ու լավ ավանդույթի համաձայն՝ բարին հաղթում է, չարը՝ պարտվում։ Ներկայացման մեջ ռեժիսորը Քեռի Մուլտիկնիկին նմանեցրել է Դոն Կիխոտին, ով երազում է, հավատում ու փնտրում բարին։ Դոն Կիխոտի նման հեքիաթային երևակայությամբ աշխարհը տեսնող Քեռի Մուլտիկնիկը նկարում է Սանչոյին և նրան կենդանություն տալիս, որը դառնում է իր օգնականը։ Սակայն թռվռուն հերոսն ավելի շատ խանգարում է, քան օգնում, ինչը երեխաների մոտ ծիծաղ է առաջացնում։ Սանչոյին մարմնավորող Տրդատ Մակարյանը դժվարանում է ասել, թե կօգնի՞ արդյոք հեքիաթը երեխաներին՝ գտնել բարին, բայց համոզված է, որ ներկայացման ժամանակ և՛ բեմում, և՛ դահլիճում տարածվում է բարություն։

mard4

mard3

mard2

mard1

Ռեժիսորը դժվարանում է իր ստեղծած կերպարներից որևէ մեկին առանձնացնել։ Ներկայացման բոլոր հերոսները վառ կերպարներ են՝ Դմփիկ, Զմփիկ, Փափկամազիկ փիսիկ, Բրդոտ շնիկ, Գմփոզավր մարդակեր… Ավազակներից մեկին՝ Զմփիկին մարմնավորող Իշխան Ղարիբյանը նաև իրականացրել է երաժշտական ձևավորումը։ Նրա խոսքով, շատ հետաքրքիր էր երգ գրել մարդակերի մասին, ով իր կյանքում երբևէ մարդ չի կերել։ Երգը շատ ռոմանտիկ է ու մելամաղձոտ։ Մարդակերին մարմնավորում է յուրահատուկ արտաքինով ու արտասովոր ծիծաղով Վահագն Սարգսյանը։ «Մեր մարդակերը ոչ մի կապ չունի մարդ ուտելու հետ, նրան համոզել են, որ ինքը մարդակեր է։ Դրանով ուզում ենք երեխաներին ասել, որ չկան մարդակերներ ու կախարդներ, որ այդ բոլորը հորինված է։ Կան չար և բարի մարդիկ։ Կարելի է չարին դարձնել բարի»,- պատմում է ռեժիսորը։ Հեքիաթի բարի կերպարներից է Բրդոտ շնիկը, որին մարմնավորող Գրիշա Հակոբյանին հանդիսատեսը մինչ օրս հիշում է «Պաչիկի» գովազդից։ Ներկայացման վերջում կախարդուհին «հրաժարական է տալիս» և դառնում բարի հեքիաթային թագուհի Նազենի…

«Լավ ներկայացումը թևեր է աճեցնում, մինչդեռ վատ թատրոնը՝ սմբակներ»։ Հիշելով Գարսիա Լորկայի խոսքերը, «մարդակեր» Վահագնը հավատում է, որ այս ներկայացումը թևեր է աճեցնելու…

Անի Մնացականյան

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

«3 Միլիոն»