Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ երեխան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ երեխան. life.tert.am

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Արամ MP3–ի երկրորդ երեխան։ Կինը՝ Աննան, կրկին որդի է պարգևել Արամին։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ արդեն հանդիպել է որդուն։

Երջանիկ հայրիկն այսպիսի զգացողություններ ունեցել էր 6 տարի առաջ, երբ ծնվել էր առաջնեկը, սակայն այս անգամ երջանկությունն առավել գիտակցված է։ «Առաջին անգամ չգիտես` քեզ ինչ է սպասվում։ Երկրորդ անգամ ավելի փորձառու ես, արդեն գիտես` ով է գալու, առավել ևս, երբ նույն  սեռի երեխա է։ Խառնված զգացողություններ ունեի, մինչև ծննդաբերությունը լարվածություն կար, հետո` միայն  ուրախություն»,– ասաց նա և հավելեց, որ կինն ու նորածին որդին իրենց լավ են զգում։

Արամը դժվարացավ ասել` փոքրիկն ում է նման, սակայն առաջին կարծիքներն իր օգտին են. «Նոր ծնված երեխայի դեպքում դժվար է ասել` ում է նման, սակայն բժիշկը դուրս եկավ և ասաց` քեզ է նման»։

Փոքրիկի անվան ընտրության հարցում ծնողները դեռ տատանվում են։ Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն առաջարկել է իր տարբերակը, թե որ անունը կընտրվի, Արամն ու Աննան կորոշեն նայելով երեխային։ «Երբ Առնոն էր ծնվում, կրկին ունեինք տարբերակներ, սակայն որոշեցինք դեմքին նայել և հասկանալ, թե որ տարբերակն է իրեն ավելի շատ սազում։ Հիմա ևս այդպես ենք անելու։ Այսօրվա ընթացքում մամայի հետ կքննարկենք և կորոշենք, թե ինչ անուն ենք ընտրելու իր համար»,– ասաց Արամը։

Ավագ եղբայրն անհամբերությամբ էր սպասում փոքրիկի ծննդին։ Արամը դեռ չի հայտնել որդուն այս լուրը. «Առնոն շատ երկար ժամանակ է` սպասում է  այդ լուրին։ Հիմա իջնելու եմ իրեն տեսնեմ, նկարները ցույց տամ, որ ուրախանա եղբոր ծննդով»։

Ի դեպ, հայրիկից տեղեկացանք, որ երեխայի ծննդյան օրը` 10.10.17–ը հատուկ ընտրություն չի եղել։ «Բժիշկը որոշեց օրը։ Ես օրերի հարցում նախընտրություն չունեի, ինձ համար ամենակարևորն այն էր, որ երեխաս առողջ լինի և ճիշտ ժամանակին ծնվի»,– նկատեց երգիչը։