Հոկտեմբերի սկզբներին Գավառում տեղացած ձյան ծանրությունից ջարդվել է մոտ 500 դեկորատիվ ծառ՝ արծաթափայլ բարդիներ ու սոճիներ, ակացիաներ, տուաներ, ուռիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, վերջին օրերի ընթացքում «Գավառի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ աշխատակիցները քաղաքի կենտրոնական փողոցները մաքրում են ջարդված ծառերից կամ ճյուղերից, մշակում և ձևավորում վնասված ծառերը՝ դրանց հետագա աճը կարգավորելու համար:
«Տերևաթափից առաջ տեղացած ձյունն ահավոր վնասներ է հասցրել քաղաքի ծառապատ ու կանաչապատ տարածքներին: Մի քանի օր է, ինչ լարված աշխատում ենք, սակայն շատ անելիքներ դեռ կան: Գավառագետի ափերի բարդիներն էլ են մեծ քանակով ջարդվել: Դրանք բոլորը պետք է հասցնենք մաքրել: Ծառերի ջարդված մասը մշակում ենք, վառելափայտը տրամադրում բնակիչներին, իսկ անպիտան մասը տեղափոխում աղբավայր: Կարծում եմ, որ ջարդված ծառերի մեծ մասը ենթակա է բնական վերականգնման, իսկ մնացած մասի փոխարեն գարնանը նոր տունկ կկատարենք»,- իրավիճակը ներկայացրեց «Գավառի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրիկ Մինասյանը:
Խոսրով Խլղաթյան