Երևանի հիմնադրման 2799-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 14-17-ը, ժամը 17.00-ից մինչև 22.00 մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը:
«Մենք Երևանի ծննդյան օրը ցանկանում ենք մեր մայրաքաղաքը ցույց տալ երկնքից, քանի որ Երևանը երկնքից ևս շատ լավ տեսք ունի»,- ասել է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Արազ Բաղդասարյանի խոսքով`օդագնացության փառատոնը տևելու է երեք օր: Մայրաքաղաքի երկնքում այդ օրերին կարելի կլինի տեսնել 14 օդապարիկ:
«Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ հավելեց, որ փառատոնին կմասնակցեն հինգ երկիր՝ Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ռուսաստանը և Բելառուսը:
«Փառատոնի ընթացքում կանցկացվեն մի շարք մրցույթներ: Օդապարիկով հոկտեմբերի 14-ին իրավունք կունենան թռչել միայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը, ովքեր հնարավորություն կունենան 1.5 ժամվա թռիչքի ընթացքում նկարահանել մայրաքաղաքը երկնքից»,- ասաց նա:
Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, սակայն, հնարավորություն կունենան օդապարիկով երկինք բարձրանալ հոկտեմբերի 15-ին՝ մասնակցելով և հաղթելով Հանրապետության հրապարակում անցկացվելիք մրցույթներին: