2016 թվականին Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջումից հետո ավելի սաստկացան մեդիադաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես լրագրողների հանդեպ տարատեսակ ձերբակալություններն ու բռնությունները:
Մասնավորապես թուրքական իշխանությունները դրա հիմնական մեղավորներ տեսնում էին լրագրողների ճնշող մեծամասնությունը, որոնք թուրքական իշխանության տվյալներով սերտորեն կապված են ժողովրդավարական իսլամի գաղափարական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա վարչախմբի հետ: Դա էր վկայում նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ լրագրողների հեռախոսներում առկա էր այսպես կոչված Bylock ծրագիրը, որով գյուլենականները գաղտնի կապ են հաստատում միմյանց հետ:
Առհասարակ թուրքական իշխանությունների շրջապատում գյուլենականներին նույնականացնում են արևմտամետ ուժերի հետ, գլխավորապես արևմտյան երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք միտված են մշտապես Թուրքիան պահելու արևմտյան գերտերությունների՝ գլխավորապես ԱՄՆ-ի վարչակարգի հսկողության տակ:
2016 թվականին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը դիտարկվեց հենց այդ համատեքստում, երբ դրանից հետո կատաղի հետապնդում սկսվեց հատկապես լրագրողների դեմ: Դրա վառ օրինակներից էր տասնյակ թուրքական թերթերի և կայքերի փակումը, որոնք որակվեցին իբրև ընդդիմադիր, ձերբակալվեցին թուրքական հանրահայտ Ջումհուրիեթ, Բիրգյուն, Սյոզջյու, Զաման և այլ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականների տնօրինությունը և խմբագրակազմը:
Հատկանշական է, որ երբ 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում եկավ իշխանության, Ֆեթուլլահ Գյուլենը կարգվեց նրա գաղափարական առաջնորդ՝ այն առաքելությամբ, որ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս կտարածի այսպես կոչված «ժողովրդավարական իսլամը», որը իր մեջ ներառում էր մահմեդական կրոնը՝ ողողված արևմտյան արժեքներով:
Գյուլենի ձեռքում էին ահռելի ֆինանսական և նյութական միջոցներ, միլիարդավոր դոլարներ, որոնք պետք է ծառայեին հենց այդ նպատակին՝ մասնավորապես նման կրոնական դպրոցների և այսպես կոչված համայնքների ստեղծմանը: Հենց այդ ժամանակվանից սկսած Թուրքիայի լրատվությունը դարձավ գյուլենականների հիմնական հենակետերից մեկը, որով ժողովրդավարական իսլամը սկսեց տարածվել…
2001 թվականից սկսած Գյուլենի ջանքերով գյուլենականությունը սկսեց ամրապնդվել ինչպես մեդիայում, այնպես էլ բանակում և տնտեսական մրցասպարեզում: Հետևաբար` երբ Էրդողանի ու Գյուլենի մեջ հարաբերությունները սրվեցին, պարզ դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների թույլ կողմը դա հենց լրագրողական դաշտն ու բանակի ստորաբաժանումներն են:
Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն վերջին 2 տարում Թուրքիայում փակվել են գյուլենականներին պատկանող 4000-ից ավել գրասենյակ և հաստատություն, լուրջ հսկողության տակ են դրվել լրատվամիջոցները, ձերբակալվել են 500-ից ավելի լրագրողներ և վերլուծաբաններ:
Սակայն ի հեճուկս այդ ամենի՝ գյուլենականների թիվը Թուրքիայում ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը՝ իշխանությունները դեռևս չգիտեն, թե էլ ինչ ոլորտում փնտրեն գյուլենականների, քանի որ Ֆետոջուները, ինչպես գյուլենականներին անվանում են Թուրքիայում, վերջին 2 տասնամյակում հասցրել են ամրապնդվել Թուրքիայի բոլոր ոլորտներում՝ փաստացի ստեղծելով պետություն պետության մեջ:
Միաժամանակ Թուրքիայի իշխանություններին վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց ԱՄՆ-ից ստանալ Գյուլենին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ վերջինիս դերը ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում բավական բարձր են գնահատում: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հեղափոխության փորձը ձախողվեց Թուրքիայում, թուրքական իշխանությունները մինչ օրս դեռ հանգիստ չեն, քանզի գիտակցում են, որ նոր հեղափոխության փորձը կարող է կրկնվել ցանկացած պահի և դա այն դեպքում, երբ բավական լարված են ինչպես Թուրքիայի հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների հետ:
Եվ դա այն ժամանակ, երբ վերջին մի քանի տարվա ընթացքում բազում ահաբեկչական ակտեր են գրանցվել Թուրքիայում՝ չհաշված Քրդական բանվորական կուսակցության հարձակումները և դրա հետևանքով գրանցված Թուրքիայի զինված ուժերի կորուստները:
Իր հերթին Գյուլենը ամեն առիթով հայտարարում է, որ չնայած ինքը կապ չունի հեղաշրջման փորձի հետ, այնուհանդերձ նա հետագայում կփորձի վրեժխնդիր լինել Էրդողանից՝ իր կողմնակիցների հանդեպ ճնշումներ կիրառելու համար: Այսուհանդերձ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիա-Արևմուտք լարված հարաբերությունները իրենց ուղղակի հետքն են թողնում Թուրքիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կայունության վրա:
Մուշեղ Խուդավերդյան
Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ