Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը հղի է հոգեկան խանգարումներով. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը հղի է հոգեկան խանգարումներով. ԱՀԿ

Աշխատավայրում տիրող անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների, ալկոհոլի չարաշահման, գործալքման դեպքերի և աշխատանքի արտադրողականության նվազման: Այս խնդրի վրա ուշադրություն է հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին նշվող Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Այս տարի նրա միջոցառումները նվիրված են «Հոգեկան առողջությունն աշխատավայրում» թեմային: ԱՀԿ-ն մամուլի համար Ժնևում տարածված հաղորդագրության մեջ նշում է, որ դեպրեսիայի և տագնապալի խանգարումների հետ կապված աշխատանքի արտադրողականության նվազումը տարեկան համաշխարհային տնտեսության վրա նստում է 1 տրլն դոլար:

«Աշխատավայրում տիրող անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեկան խանգարումների զարգացման, ալկոհոլի և հոգեակտիվ այլ նյութերի չարաշահման, գործալքումների և աշխատանքի արտադրողականության նվազման»,- ընդգծում է կազմակերպությունը, հիշեցնելով, որ աշխարհում դեպրեսիայից, որը հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն է, տառապում է ավելի քան 300 մլն մարդ, տագնապալի խանգարումներից՝ 260 մլն մարդ:

Փորձագետներն ընդգծում են, որ հոգեկան առողջության համար վտանգ են ներկայացնում «ոչ համարժեք քաղաքականությունը առողջապահության և անվտանգության բնագավառում», թույլ մենեջմենթը և հաղորդակցությունը, անձնակազմի սահմանափակ մասնակցությունը որոշումների ընդունմանը, աշխատողների աջակցման անբավարար մակարդակը, ոչ ճկուն աշխատանքային գրաֆիկը, ոչ հստակ դրված աշխատանքային առաջադրանքները:

Ընդ որում՝ հոգեկանի համար սպառնալիքը կարող է նույնիսկ սաստկանալ, եթե աշխատավայրում «բացակայում է համաձայնեցվածությունը թիմում և սոցիալական աջակցությունը»:

Փորձագետները որպես «դրական պրակտիկա» են գնահատում անձնակազմի ներգրավումը ձեռնարկություններին վերաբերող որոշումների ընդունմանը, աշխատողներին այն մասին իրազեկումը, որ նրանք կարող են աջակցություն ակնկալել, կարիերային աճի ծրագրերի իրականացումը, աշխատանքային ներդրման համար աշխատողների վաստակի ճանաչումն ու պարգևատրումը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրն ամեն տարի հոկտեմբերի 10-ին նշվում է 1992 թվականից: Այն սահմանվել է Հոգեկան առողջության համաշխարհային դաշնության կողմից՝ ԱՀԿ-ի աջակցությամբ, և ներառված է ՄԱԿ-ի Միջազգային օրերի ցանկում:

Օրվա նպատակը հոգեկան խանգարումների, դրանց բուժման եղանակների և կանխարգելման, իչնպես նաև հոգեկան առողջության ամրապնդման մասին հասարակության իրազեկվածության ընդլայնումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: