Ֆրանսիայի Գավաթի խաղն ընդհատվել է, երբ ֆուտբոլիստներից մեկը սրտի կաթված է ստացել
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի Գավաթի խաղն ընդհատվել է, երբ ֆուտբոլիստներից մեկը սրտի կաթված է ստացել

Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 5-րդ տուրի` «Մարլի-լա-Վիլ»-«Վերսալ» խաղն ընդհատվել է 28-րդ րոպեին ֆուտբոլիստներից մեկի մոտ գրանցված սրտի կաթվածի պատճառով:

Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Մրցավարն ընդհատել է խաղը, երբ «Մարլիի» 28-ամյա կիսապաշտպան Իդրիսն ընկել է խոտածածկին:

«Վերսալի»  մարզիչ Յուսեֆ Շիբին պատմել է, որ ֆուտբոլիստը նստել է խոտածածկին և ձեռքերը խաչել կրծքին.

«Հավանաբար, նա փորձում էր շնչել, բայց չէր կարողանում»,- ասել է մարզիչը:

Ֆուտբոլիստին մոտ մեկ ժամ օգնություն են ցուցաբերել մարզադաշտում գտնվող շտապ-օգնության բժիշկները և հրշեջ ծառայության աշխատակիցները: Նրանք դեֆիբրիլյատոր են կիրառել և կատարել սրտի մերսում:

Այնուհետև, հրշեջ ուղղաթիռով 28-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը:

armsport.am