Վերջին շրջանում չեն դադարում խոսակցությունները, որ դերասան Մովսես Երեմյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Ո՛չ Մովսեսը, ո՛չ նրա կինը` Աննան, չեն ցանկանում խոսել այս թեմայով` ըստ էության` ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրը։
Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասել է, որ որևէ մեկնաբանություն տալ չի ուզում, ինքն ու Մովսեսն ուզում են, որ այդ հարցի պատասխանը մնա իրենց անձնական տիրույթում։
Աննան այժմ նկարահանվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը բալիկի է սպասում։ Սա քննարկումների տեղիք է տվել, որ սյուժետային նման զարգացում է ընտրվել, որպեսզի ֆիլմում արդարացված լինի Աննայի իրական հղիությունը։
Նախագծի ղեկավար Դիանա Գրիգորյանից հետաքրքրվեցինք` արդյոք սյուժետային փոփոխություններ են արվել` պայմանավորված Աննայի կարգավիճակով։ Վերջինս նշեց, որ իր իրավասության շրջանակում չէ խոսել այդ մասին, իսկ ֆիլմի սյուժետային գիծը զարգանում է այնպես, ինչպես ինքը նախատեսում էր։
Ավելի վաղ, մեզ տված հարցազրույցում Մովսեսը ևս չէր հերքել լուրը, սակայն չէր էլ հաստատել, միայն նշել էր, որ չի ցանկանում խոսել այդ մասին։ Ամեն դեպքում, նա հայտնել էր, որ կինն այժմ չի դասավանդում պար, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչու։