Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3 տոկոս գնաճով: 2016 թվականի ինն ամիսների համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին նկատվել է 0.6 տոկոս գնաճ:
Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 2017-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով, հանրապետության՝ ԱՎԾ-ի կողմից դիտարկվող 5 քաղաքներում գրանցվել է 0.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Նախորդ տարվա վերջի համեմատ սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3 տոկոս, այսինքն` նկատվել է 1.7 տոկոս գնանկում: Մինչդեռ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 1 տոկոս գնաճ:
2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 9.5 և 4.6 տոկոս գնանկումով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 11.6-4.9 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 4.6 տոկոս գնանկում: հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5.7 տոկոս գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. օգոստոսի համեմատ 0.3 տոկոս, իսկ 2017թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (մայրաքաղաքում մսամթերքի գնաճը կազմել է 0.5 տոկոս), իսկ 7-ում արձանագրվել է 0.7-0.1 տոկոս գնանկում:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ` պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 5.2 և 6.4 տոկոս գնաճով:
2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.8 և 0.1 տոկոսով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1 և 13.9 տոկոս գնաճ: