Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն«Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները: Միջոցառմանը մասնակցել են հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնք համախմբվել են «Օրրան»-ի շուրջ՝ օգնելու Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:
Ընթրիքն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի արդյունքում հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխայի և100 միայնակ տարեցի:
Միջոցառման ավանդական մաս կազմող կենդանի աճուրդի նմուշներն այս տարի բազմաթիվ էին և բազմազան: Աճուրդի հաջող իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցան «System of A Down» խմբի անդամները, որոնք վաճառքի համար նվիրաբերել էին թանկարժեք առարկաներ: Շավո Օդադջյանի նվիրաբերած արծաթե վզնոցը հնարավոր եղավ վաճառել երկու հազար դոլարով: Ջոն Դոլմայանի նվիրաբերված ձայնապնակը, որը նկարազարդվել էր վերջինիս կողմից, վաճառվեց տասնվեց հազար հինգ հարյուր դոլարով:
Իսկ Սերժ Թանկյանը նախորդ տարի ևս «Օրրան»-ին նվիրաբերել էր իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բարեգործական ընթրիքի հաջող կայացման առթիվ նշել է. «Օրրանի ընթրիքը գալիս է փաստելու այն, որ աշխարհասփյուռ հայությունը, օվկիանոսի որ ափում էլ բնակվի, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել հայրենիքում ապրող կարիքավոր ընտանիքներին: Ոգեշնչող է տեսնել այսքան մարդկանց, որոնք, լինելով տարբեր ոլորտներից, համախմբվել են Օրրանի շուրջ, որպեսզի ծայրահեղ սոցիալական պայմաններում հայտնված փոքրիկներն ու տարեցներն ունենան անհոգ կյանք»:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում և ԱՄՆ-ում տեղի է ունենում Օրրանի բարեգործական ընթրիքը, որի ընթացքում հանգանակվում են անհրաժեշտ դրամական միջոցները՝ շարունակելու կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությունը: