Երգիչ Գուրգեն Դաբաղյանն օրերս կներկայացնի իր և նորեկ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ համատեղ նկարահանած տեսահոլովակը, որից հետո կկենտրոնանա առաջիկա հյուրախաղերի վրա:
«Զուգերգով ներկայանալու առաջարկը Արփինեինն է: Մոտ կես տարի առաջ որոշեինք, որ պետք է միասին մի աշխատանք ներկայացնենք, սակայն Արփինեին դեռ վաղուց եմ ճանաում: Նրա հետ նախկինում վոկալ եմ պարապել և հավատացնում եմ, որ նա ունի բոլոր տվյալները, որպեսզի գործի և հաջողությունների հասնի այս ոլորտում»,- Life.panorama.am-ին պատմեց Գուրգեն Դաբաղյանը:
Նկատառմանը, որ նորեկ շատ երգիչ-երգչուհիներ հաճախ առաջին քայլերն անում են՝ երգելով, որևէ հայտնի արտիստի հետ և այդպիսով կարճ ժամանակում ճանաչում են ձեռք բերում, Գուրգենն այս թեմայի վերաբերյալ նշեց.
«Ճիշտ եք՝ բայց չէի ասի, որ սա այդ դեպքերից է, որովհետև այս ամենը մեր սրտից է գալիս»:
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ տասն օրից:
«Երգը ժողովրդական ժանրում է, բայց նոր ու ժամանակակից գործիքավորում է արված: Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Հովհաննիսյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գրիշա Դաշյանը: Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում և Վրաստանում: Ռեժիսոր Վահ Հարությունյանի մասնագիտական աչքը հետաքրքիր կադրեր է ֆիքսել ինչպես մեզ մոտ, այնպես էլ Բաթումիում՝ ծովափին»,-պատմեց նա:
Գուրգեն Դաբաղյանն այն երգիչներից է, ում Երևանում հազվադեպ կարելի է տեսնել: Նա հիմնականում զբաղված է հյուրախաղերով: Երգիչը վստահեցրեց՝ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է.
«Մեզ ամենուր շատ լավ են դիմավորում: Շուտով պետք է մեկնեմ եվրոպական մի քանի երկրներ՝ դարձյալ հյուրախաղերի: Հույս ունեմ, որ այնտեղ ևս մեզ սիրով են սպասում, ու ջերմ և ուրախ օրեր ենք ունենալու»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ է երգիչը Հայաստանում քիչ համերգներ ունենում, պատասխանեց.
«Հայաստանում առհասարակ քիչ են համերգներ կազմակերպվում, այդ իսկ պատճառով իմ մասնակցությամբ համերգները ևս սակավ են»:
Անդադար աշխատող երգիչը շարունակում է զբաղեցնել ցանկալի փեսացուների շարքը: Այս հարցի շուրջ խոսելիս՝ Գուրգենը խոստովանեց.
«Ժամանակս չի բավարարում անձնական կյանքիս վրա կենտրոնանալու համար»: