Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց: Այս մասին սրտաբանների 6-րդ համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները:
«Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետևանքով: Ոչ պակաս դեր ունի նաև չբալանսավորված սնունդը»,- ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետևողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող սկրինինգային ծրագրերին:
Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում են 38 օտարազգի և սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:
Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը , մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը: