Կան մարդիկ, ովքեր էդպես էլ երևանցի չդարձան. Քրիստ Մանարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կան մարդիկ, ովքեր էդպես էլ երևանցի չդարձան. Քրիստ Մանարյան. life.panorama.am

Երևանը 2799 տարեկան է: Երևանի մասին Life.panorama.am-ը խոսել է երգահան, դրամտուրգ Քրիստ Մանարյանի հետ: Մեր զրուցակիցը շնորհավորանքներից զատ խոսեց երևանցիների և Երևանին պակասող երևույթների մասին:

«Առաջինը` շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, թե երևանցիներին և թե Հայաստանի ու աշխարհի մյուս բնակավայրերում ապրող հայերին համայն հայության ներկա մայրաքաղաքի տոնի կապակցությամբ: Երևանը ոչ թե պարզապես քաղաք է, ոչ թե Հայաստանի մայրաքաղաքն է, այլ ողջ հայության համար մեկ քաղաքն է, ու աշխարհի հայերի հայացքները միշտ ուղղված են Երևանին: Մենք աչքի լույսի պես պիտի պահենք այս հնամենի քաղաքը, որի փողոցներն ու շենքերը միշտ կրում են անվանի, ազգասեր հայորդիների ոտնահետքերն ու հիշատակները, սա քաղաք-թանգարան է, մեր ազգի ամենամեծ ու անկրկնելի աժեքներից մեկը: «Երևան, Երևան, իմ միակ օթևան, ես կանցնեմ, կգնամ` դու ապրիր հավիտյան…»` սրանից լավ ոչ մեկս ոչ ասել է, ոչ էլ կկարողանա ասել»,- նշեց մեր զրուցակիցը:

Քրիստ Մանարյանի կարծիքով` ոչ բոլոր երևանցիներն են արժանի մեր քաղաքին.

«Մենք բոլորս երևի սիրում ենք մեր քաղաքը, բայց Երևանում ապրող ոչ բոլոր մարդիկ են սրտացավ մեր գեղեցկուհու հանդեպ, կան մարդիկ, ովքեր էդպես էլ երևանցի չդարձան, նրանք խոպանչու հոգեբանությամբ են վերաբերվում Երևանին, հաշվի չեն նստում էս քաղաքի ապրելակերպի, տեսակի հետ և դա աներելի է: Աններելի է նաև որոշ իսկական երևանցիների անտարբեր կամ վախվորած լռությունը նման դեպքերում. Երևանի դիմագծերն ու ոգին աղավաղողի ձեռքը պետք է բռնել ու խիստ պատժի`առնվազն հասարակական պարսավանքի պետք է ենթարկել նրան: Ինձ համար Երևանը նաև տրադիցիոն, ավանդական արժեքների քաղաք է, իսկ դրանցից առաջինը, վստահաբար, հայկական ընտանիքն է, օջախը, որի էությունը դրսից փող քամող որոշ բախտախնդիրներ փորձում են խեղել: Ես չեմ հասկանում էն երևանցուն, որը կենաց ասելիս հպարտորեն նշում է, որ քաղաքի տղա է, «կենտրոնի» տղա է, բայց տեղն էկած ժամանակ օտար ու քայքայիչ գաղափարներ կրողի դեմ չի պայքարում: Նման մարդն ինձ համար ոչ միայն երևանցի չէ, այլև շրջապատի հարգանքին ու անգամ բարևին արժանի չէ: Ու նորից եմ կրկնում` մեզ են նայում աշխարհի հայերը, մենք էդ իմաստով թուլանալու ոչ մի իրավունք չունենք, Երևանը մեր մեծ ընտանիքն է, եղել է ու կմնա, ընտանիքն անձռնմխելի արժեք է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով մեր քաղաքին պակասող երևույթներին` Ք. Մանարյանը նշեց.

«Մեր չքնաղ քաղաքին պակասում է դաունթաուն` գործարարների առանձին թաղամաս, ուր կարելի կլինի տեղափոխել սնկի պես աճող գրասենյակներն ու այդպիսով գոնե ինչ-որ կերպ թեթևացնել մայրաքաղաքի խայտառակ խցանումները: Շրջանից շատ շատերը աշխատանք չունենալով` գալիս են Երևանում մի կտոր հացի փող գտնելու, փողոցներում ոչ թե պարզապես անծանոթ, այլ ոչ երևանյան դեմքեր են: Ես էդ մարդկանց չեմ մեղադրում, նրանք ինձ պես հայեր են, իմ քույրերն ու եղբայրներն են: Էստեղ օրուգիշեր չքնելով պիտի աշխատեն մեր երկրի իշխանությունները, որ Հայաստանի բնակավայրերը զարգանան համաչափ, որ սահմանամերձ գյուղերը չդատարկվեն, սա հազար անգամ բարձրաձայնված, լրջագույն խնդիր է: Եվ ես` երևանցի Քրիստս, դրա առկայությունն ամեն օր զգում եմ սեփական մաշկի վրա: Տոնդ շնորհավոր, իմ հարազատ ու աննման քաղաք, քո մասին են իմ բոլոր երգերը…»:

life.panorama.am



Նման նյութեր