Նրան անվանում են աշխարհի ամենագեղեցիկ թագուհին, ոճի խորհրդանիշ, նմանակում են նրա հագուկապը, սանրվածքը: Արդեն 15 տարուց ավելի Հորդանանի թագուհի Ռանիյա Ալ-Աբդալլան ողջ աշխարհին ստիպում է խոսել իր մասին: Հիացական արձագանքների են արժանանում ոչ միայն նրա կատարյալ ճաշակը և աչքի ընկնող վառ արտաքինը, այլև բարեգործության ոլորտում նրա ակտիվ գործունեությունն ու մահմեդական կանանց իրավունքների պաշտպանության գործում գործադրած ջանքերը: Չխախտելով էթիկետի և արձանագրային նորմերը` Ռանիյա Ալ-Աբդալլան թե իր արտաքինով, թե վարքագծով, սակայն, հակասում էր մահմեդական կանանց կենսակերպի մասին պատկերացումներին:
Ռանիյա Ալ-Յասինի կյանքի պատմությունը նման է Մոխրոտիկի պատմությանը: Նա ծնվել է 1970 թ. Քուվեյթում, պաղեստինցի փախստական բժշկի ընտանիքում: 1991թ., խուսափելով քաղաքական հետապնդումներից, նրանց ընտանիքը կրկին ստիպված էր արտագաղթել: Այս անգամ նրանց հանգրվանը Հորդանանն էր: Ռանիյան կրթություն ստացավ Կահիրեի Ամերիկյան համալսարանում, իսկ այն ավարտելուց հետո եկավ Ամման` Հորդանանի մայրաքաղաքում ապրելու և աշխատելու: Նա աշխատանքի ընդունվեց այն բանկում, որը պատկանում էր Հորդանանի թագավորի դստերն ու նրա ամուսնուն, և մի անգամ ընդունելություններից մեկի ժամանակ ծանոթացավ Հուսեյն թագավորի որդու` արքայազն Աբդալլայի հետ: Գեղեցիկ, կիրթ և ինտելիգենտ աշխատակցուհին առաջին հայացքից գերեց ապագա արքային, և ծանոթությունից 2 ամիս անց նա Ռանիյային առաջարկեց իր կինը դառնալ:
Ռանիայի ձեռքը խնդրելու համար նրա հոր մոտ գնաց անձամբ Աբդալլա թագավորը: Հարսանիքը կայացավ 1993թ. հունիսին: Այսպես Ռանիյան դարձավ արքայադուստր, սակայն ավելիին հավակնել նա չէր կարող. Գահը պիտի ժառանգեր Հուսեյն արքայի կրտես եղբայր Հասանը: Սակայն իր մահից առաջ իր կտակում Հուսեյն թագավորը փոխեց ժառանգության կարգը և այդ իրավունքը տվեց իր որդուն:
1999թ. փետրվարի 7-ին Հուսեյն արքան կնքեց իր մահկանացուն, և Աբդալլան դարձավ թագավոր, իսկ պաշտոնական սուգի ավարտից հետո իր կնոջը հայտարարեց՝ որպես Հորդանանի թագուհի: Այսպես 29 տարեկան հասակում վերջինս դարձավ երբևէ գահ բարձրացած ամենաերիտասարդ թագուհին:
Արքայական ընտանիքում ծնվեցին 4 երեխաներ` 2 տղա, 2 աղջիկ, բայց Ռանիյան չսահմանափակվեց միայն նրանց դաստիարակությամբ: Նա իր հայրենակիցների սերն ու հարգանքը վայելեց իր բարեգործական բազմաթիվ ծրագրերով և Հորդանանի քաղաքացիների հետ շփվելու իր պատրաստակամությամբ: Ընդ որում, Ռանիյա Ալ-Աբդալլան չի խորշում հասարակության մեջ երևալ սպորտային հագուստով, բոլոր հանրահայտ սոցիալական կայքերում վարում է էջեր և շփվում դրանց այցելուների հետ:
Թագուհին իրեն իսկական արևելյան կին է համարում, բայց միևնույն ժամանակ՝ ներկայանում՝ որպես եվրոպական սուպերմոդել` հմտորեն հագուստի մեջ համադրելով արաբական ավանդույթներն ու արևմտյան մոդայիկ տենդենցները: Նրան հաճախ են հարցնում, թե չի՞ հակասում արդյոք իր արտաքին տեսքը մահմեդական ավանդույթներին, ինչին նա պատասխանում է.
«Կրոնը պարտադրանք չի ընդունում: Ես ինքս եմ կայացրել չադրա չկրելու որոշում, սակայն դա մահմեդական կանանց դիրքի նկատմամբ որոշակի դիրքորոշման արտահայտություն չէ: Չի կարելի պնդել, որ չադրա կրելը մտածելակերպի արտահայտություն է կամ կնոջ հնազանդ կամ էլ նվաստ դիրքի ցուցադրություն: Դա այդպես չէ: Ես կարծում եմ, որ արևմտյան մշակույթի ներկայացուցիչները չադրայով կին տեսնելիս չպետք է հապճեպ եզրահանգումներ անեն: Չադրա կրող շատ կանայք կան, որոնք միևնույն ժամանակ՝ բաց են, կրթված, գործարար, իսկ կան այնպիսիներն էլ, որ չադրա չեն կրում, սակայն ավելի պահպանողական են: Միգուցե որոշ մարդիկ կնախընտրեին, իհարկե, որ ես էլ չադրա կրեի, ուրիշները, ընդհակառակը՝ ուրախ են, որ չեմ կրում, սակայն դա, կրկնում եմ, իմ ընտրությունն է: Տարօրինակ է, բայց ինձ արտասահմանում այդպիսի հարցեր տալիս են, իսկ մեզ մոտ` ոչ: Եկեք կնոջ մասին պատկերացում կազմենք` հիմնվելով այն բանի վրա, թե ինչ կա նրա գլխի մեջ, այլ ոչ` վրա»:
Ռանիյա թագուհին պնդում է, որ չնայած պահպանողական ավանդույթներին ու սովորույթներին, Հորդանանում կինը բանակում, դատարանում կամ հիվանդանոցում արդեն հազվադեպ երևույթ չէ:
Իր դիրքորոշումը թագուհին այսպես է մեկնաբանում.
«Ավանդույթների համաձայն` կինը պետք է պաշտպանված լինի: Իրականում դա որոշակի կախվածություն է ենթադրում: Մենք պետք է աղջիկներին օգնենք լինել ավելի համարձակ և ինքնավստահ: Այսպիսի մի ասացվածք կա` նավահանգստում նավն անվտանգության մեջ է: Բայց չէ՞ որ այդ նավը հավերժ նավահանգստում չի մնալու»:
2003թ. «Hello» ամսագրի վարկածով աշխարհի ամենաէլեգանտ կանանց շարքում Ռանիյան ղբաղեցրեց 1-ին տեղը, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 15 տարի, նա չի լքում աշխարհի ամենագեղեցիկ և ոճային թագուհիների և արքայադուստրերի վարկանիշային ցուցակների վերին հորիզոնականները:
Բարձր գնահատականի է արժանացել նաև նրա մեծ ներդրումը կանանց իրավունքների ճանաչման գործում: 2007թ. նա «Forbes» ամսագրի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում էր, իսկ YouTube միջազգային կայքը նրան շնորհեց մրցանակ Մերձավոր Արևելքում կարծրատիպերի դեմ պայքարի ասպարեզում ունեցած նշանակալից հաջողությունների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը