Գայանե Գասպարյան Օղու բիզնեսից մինչեւ ռեժիսուրա ու Տիբեթյան բժշկություն
Advertisement 1000 x 90

Գայանե Գասպարյան Օղու բիզնեսից մինչեւ ռեժիսուրա ու Տիբեթյան բժշկություն

Շվեդիայի ռեժիսորների միության անդամ Գայանե Գասպարյանի հետ ծանոթացա պատահական մի հավաքույթի ժամանակ: Նրան տեսնել ու չնկատել հնարավոր չէ: Պահվածքն անմիջապես մատնում է, որ մտավորական այս կինը նշանավոր ընտանիքում է ծնվել և իմաստավորված կյանք է անցել։ Դա դրոշմված է նրա դեմքին՝ հպարտության ու անդրդվելիության փայլով: Արդեն 50-ն անց է, սակայն վաղ ծերության հետքեր պետք չէ փնտրել: Երդվյալ երիտասարդ է՝ վարակիչ կենսասեր ու առեղծվածային: Իր մասին ամենաճիշտ բնութագրումն ինքը տվեց՝ հաղթանակած: Հորոսկոպով Երկվորյակ է, բայց կես դարի ընթացքում 5 տիպի մարդ է իր մեջ հայտնաբերել: Ասում է՝ հնգվորյակ եմ:

Գ. Գասպարյանը դեռևս անգիտակից կյանքից սիրահարված է արվեստին. «5 տարեկանից զարդարվում էի տան վարագույրներով ու մարդկանց համար ելույթ ունենում»: Նրա հակումները խիստ անհանգստացրել են արմատներով մշեցի, պահպանողական պապիկին, որը թոռնիկին զգուշացրել է ընդմիշտ մոռանալ թատերական կրթության մասին: «Քանի որ Թատերական չէի ընդունվելու, ինձ համար միևնույն էր՝ որտեղ կընդունվեի: Պապս ծերության հասակում իր սեփական բժիշկն էր ուզում ունենալ, և ես ընդունվեցի Բժշկական ինստիտուտ: Քանի որ չէի սիրում այդ մասնագիտությունը, ինձ համարում էի պոտենցիալ հանցագործ: Վերջիվերջո, ընտրեցի դեղագործական ֆակուլտետը, որը մարդու առողջության հետ անմիջական կապ չուներ»,- ասում է նա: Բուհն ավարտելուց հետո զբաղեցնում է բարձր պաշտոններ՝ դեղատան վարիչ, դեղերի բազայում կառավարչի տեղակալ: Սակայն պապի մահից հետո թողնում է լավ վարձատրվող աշխատանքն ու 30 տարեկանում ընդունվում Գ. Սունդուկյանի անվան Պետական ակադե-միական թատերական ստուդիա:

«Բոլորը զարմացած էին, որ հրաժարվել էի կառավարչի տեղակալի պաշտոնից՝ 360 ռուբլի աշխատավարձով: Դասընկերներս 18 տարեկան էին, ու մտածում էին՝ այս պառավն ո՞վ է: Երբեք չեմ բարդույթավորվել, որովհետև միշտ էլ իմ մտածելակերպը համարել եմ առողջ: Դասընկերներիս համար դարձա մամա, ու այդպես իմ անունը մնաց «մամաշ»,- պատմում է Գայանե Գասպարյանը: Թատերականն ավարտելուն հաջորդում են տնտեսական ճգնաժամի տարիները: Կամ պետք էր առաջնորդվել երազանքներով, կամ հոգալ ընտանիքի հոգսերը: Գայանեն ընտրում է երկրորդը. ընտանիքն առաջին տեղում էր՝ այդ հարցում այլընտրանք չկար։ «Իհարկե, շատ տխուր ու սգի մեջ թողեցի թատրոնը, բայց մենք սնանկանում էինք, մայրս արդեն զարդերն էր վաճառում: Հայրս Խորհրդային Միությունում շատ սիրված մարդ էր ու մեծ կապեր ուներ: Ներկայիս Ավշարի գինիների ու օղու գործարանն ամայի տարածքում նա է կառուցել ու երկար տարիներ ղեկավարել։ Վերցրեցի հորս հեռախոսագրքույկը ու անցա գործի»,- ասում է Գ. Գասպարյանը: Սկզբում նա սկսեց զբաղվել օղու բիզնեսով: Առաջին գործարարներից է, ով Ռուսաստանից մեծ խմբաքանակով ներկրել է «Աբսալյուտ» և «Սմիրնով» օղիները։ Համագործակցել է նաև «Ֆիլիպ Մորիս» ընկերության հետ, որից հետո ներկրել է իտալական արտադրության սառնարաններ, ֆրանսիական շամպայններ: Իսկ իր ամենախոշոր բիզնեսը Հայաստանում համարում է հոլանդական շոկոլադների առևտուրը: Պարզվում է, հայաստանցիներս առաջին անգամ «Մարս», «Սնիքերս», «Բաունտի» շոկոլադները նրա բիզնեսի շնորհիվ ենք ճաշակել: «Շատ գեր մարդիկ այսօր ինձ փնովում են, որ այդ համեղ շոկոլադների պատճառով գիրացել են: Սակայն ես արդեն երջանիկ էի, որ բացի իմ ընտանիքից, կարող եմ օգնել նաև այն մարդկանց, որոնք դրան արժանի էին, բայց հնարավորություն չունեին վաստակել: Մարդկանց օգնելը հոգու պարտք է: Ավելին սպասելը ցինիզմի պահանջ է»,- կարծում է տիկին Գայանեն: 1992-1993-ին՝ դեֆոլտի տարիներին, ծանր ժամանակներ էին նաև Գ. Գասպարյանի համար: «Հիշում եմ, գտնվեցին մարդիկ, որ նույնիսկ ինքնասպանություն գործեցին, ոմանց այդ հարցում դրդեցին: Իմ տրամադրությունն անկում չապրեց: Ընդամենը մի նախադասություն թույլ չտվեց, որ հիասթափվեմ՝ կյանքի հանդեպ սերը ոչ մեկը չի կարող գողանալ: Վերջին հաշվով, ես չէի թալանել, ուրիշից պատրաստի չէի վերցրել: Ես էի ստեղծել: Կորածը փող չէ՞ր: Ամենաքիչն իմ կորուստն էր, որովհետև չէի կուտակում, ծախսում էի: Կորածն ընդամենը 300 հազար դոլար էր: Ու քանի որ «դուխս» տեղն էր, մեկնեցի արտասահման՝ Հոլանդիա, մեծ դժվարությամբ սովորեցի հոլանդերեն: Այնքան դժվար արտաբերվող լեզու է, որ դիմագծերդ էլ են փոխվում»,- պատմում է տիկին Գայանեն: Հոլանդիայում պայմանագիր է կնքում ծաղկի բիզնեսով զբաղվող մի ընկերության հետ և սկսում է հոլանդական ծաղիկներ ներկրել Ռուսաստան և Բելառուս:

«Ծաղիկներն ուղարկում էինք հատը մեկ դոլարով, իսկ Մոսկվայում վաճառվում էր 10-15 դոլարով։ Այսինքն, շաբաթվա մեջ 1 մլն դոլարի շրջանառությունից ստանում էինք նվազագույնը 7 մլն դոլարի շահույթ: Ես աշխարհի ամենա-խոշոր՝ «Յուրըմ» ընկերության գլխավոր արտահանող մենեջերն էի նախկին Խորհրդային Միության տարածքում: Բնականաբար, նրանց աչքի լույսն էի. Եվրոպայում քեզ սիրում են ոչ թե լավ բնավորության, այլ քո բերած օգուտի համար: Դա շատ դաժան աշխատանք էր, անքուն գիշերներ թաց ու սառը կայարաններում՝ առավոտյան ժամը 6-ից սկսած: Ծաղիկների բազան մեծ քաղաքի էր նման: Հոլանդիայի ծաղիկների հողատարածքները գտնվում են Կոլումբիայում, Էկվադորում, Մարոկկոյում: Ծաղիկներից հետո ինձ առաջարկեցին ձկան և մսի գործարանում աշխատել: Մի 2 տարի էլ այնտեղ աշխատեցի: Երբ արդեն կյանքը հունի մեջ էր մտել, ամեն մեկն ուներ իր գործը, երկու տղաներս ավարտել էին բուհերը, մայրս հիմնել էր իր սեփական համալսարանը, քույրս՝ քոլեջը, ես որոշեցի շարունակել կյանքիս մեծ երազանքի իրագործումը»,- շարունակում է զրուցակիցս: 46 տարեկանում ընդունվում է Հոլանդիայի Ակադեմիայի թատերական և կինոռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրս: Այս հարցում որոշիչ դեր է ունենում դիպլոմի թարգմանության մեջ տեղ գտած սխալը. թարգմանիչը գրել էր՝ Գ. Սունդուկյանի անվան թատերական ակադեմիայի շրջանավարտ, Ակադեմիա-կան թատրոնի փոխարեն: Էքստեռն քննություններով ընդունվում և մեկ տարում ավար-տում է Ակադեմիան: Ավարտական սցենարն արժանանում է առաջին մրցանակի: «Պետությունը ֆինանսավորում էր դիպլոմային աշխատանքը, որը պետք է լիներ խաղարկային – գեղա-րվեստական ֆիլմ՝ 5-10 րոպե տևողությամբ։ Այն պետք է միաժամանակ ընդգրկեր 3 թեմա՝ սոցիալական, մասնագիտական, և պատմեր մարդու ճակատագրի մասին: Ես ավելացրել էի նաև հավատքի թեման»,- ասում է Գայանեն: Հոլանդիայի կառավարության տրամադրած գումարներով Գայանեն որոշում է ֆիլմը նկարահանել Հայաստանում, որպեսզի մասնակցություն ունենան մեր հայրենակիցները: Ֆիլմն ուղարկվել է 30-ից ավելի փառատոների և Ավստրիայում արժանացել առաջին մրցանակի: Ֆիլմը սկզբում որոշել է անվանել «Հիպոկրատի երդումը», սակայն Վիգեն Չալդրանյանի խորհրդով վերանվանել է «Լռության նախերգանք»:

Գ. Գասպարյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երբ քննարկվում էին ֆիլմերի նախագծեր, տարբեր պետությունների ներկայացուցիչներ կային, բացառությամբ Հայաստանի: Ես՝ Հոլանդիայի քաղաքացի լինելով, իրավունք ունեի հանդես գալ Հայաստանի կողմից: Ներկա էին նաև ադրբեջանցիներ, ովքեր տեղյակ չէին, որ Հայաստանն էլ ներկայացնող կա: Առիթից օգտվելով՝ նրանք սկսեցին փնովել հայերին, թե՝ այդքան էլ զարմանալի չէ, որ հայերը ներկայացված չեն, քանի որ նրանց համար միշտ էլ արվեստը եղել է երկրորդական: Ես անսպասելիորեն ելույթ ունեցա, և ասացի՝ հարգելի կոլեգաներ, նախ՝ այն ժամանակ, երբ հայ ազգն արվեստ է ունեցել, պատմական փաստ է, որ Եվրոպա էլ գոյություն չի ունեցել: Երկրորդը, այնտեղ, որտեղ 13 ադրբեջանցի է ներկա, կես հայն էլ բավական է, այնպես որ, մենք մի բան էլ շատ ենք եկել… ու դահլիճը պայթեց ծիծաղից: Դա հոլանդերենով ասացի, ու երբ թարգմանեցին, դահլիճից 2 ադրբեջանցի հեռացան»,-հպարտությամբ պատմում է մեր հայրենակցուհին: Նրա ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել, և ներկայումս Գայանեն գտնվում է Հայաստանում՝ դրա իրականացման խնդիրների հետ կապված: 3 կարճամետրաժ ու 2 գեղարվեստական ֆիլմ պետք է նկարահանի: Անցյալ տարվա նոյեմբերին նկարահանել է առաջինը, երկրորդը պատրաստվում է նկարահանել 2008թ. մայիսին: Կինոաշխարհի քննադատների դատին է ներկայացված նաև նրա գեղարվեստական ֆիլմի սցենարը, որը պատմում է քյավառցի կնոջ մասին: Նախնական տարբերակով կատակերգությունը կոչվելու է «Լոնդոնից Լոնդոն»։ Նկարահանումները կսկսվեն միայն 2009թ. մարտից: «Առաջին անգամ հայ կինեմատոգրաֆիայում կինը պետք է դառնա կատակերգու կերպար: Չեմ սիրում նախօրոք խոսել, ժամանակն ամեն ինչ ցույց կտա»,- նկատում է ռեժիսորը:
Չմոռանանք նրա ուսանողական կյանքի վերջին ու ամենահետաքրքիր էջը ներկայացնել: Նա պատմում է, որ Հոլանդիայում ապրելու տարիներին չափազանց գիրացել է։ Ավելորդ քաշից ձերբազատվել է այնտեղ 12 տարի գործող Տիբեթյան Ակադեմիայում, որտեղ նիհարում են առանց հատուկ սննդակարգի, սպորտի և քիմիական միջոցների: Այդ տարբերակով նրան հաջողվել է նիհարել 30 կգ: Յուրաքանչյուր այցելության ժամանակ` 35-40 րոպեների ընթացքում, հատուկ տարաներ են դրվում մարդու էներգակետերի վրա: Ի դեպ, դա շատ թանկ հաճույք է. յուրաքանչյուր այցելությունն արժե 120 եվրո: Ոգևորվելով այդ գիտությամբ, տիկին Գայանեն 49 տարեկանում ընդունվում է Տիբեթյան Ակադեմիա և 51 տարեկանում այն ավարտում: Խոստովանում է, որ դա իր կյանքի ամենատառապալից ու ամենահետաքրքիր կրթությունն է եղել՝ օրական 18 ժամ: Նա այս մեթոդն արդեն իր հետ բերել է Հայաստան, որպեսզի նյութապես կախված չլինի իր ֆիլմերից. համոզված է, որ արվեստը դրանից միայն տուժում է: Իր այլընտրանքային մասնագիտությամբ սկզբնական շրջանում 3 ամիս աշխատել է Կարմիր խաչում: Հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը նրա մեթոդով արդեն նիհարել է 11 կգ, փետրվար ամսին հանրությանը նա կներկայանա նոր իմիջով: Տիբեթյան մեթոդով նիհարել է նաև Նաիրա Տեր-Կարապետյանը: Իհարկե, սրանք այն մարդիկ են, որոնք համաձայնել են բացահայտել իրենց նիհարելու գաղտնիքը: Նա նշում է, որ իրավունք չունի աշակերտներ պահել, որովհետև հազարավոր ցանկացողներից Տիբեթյան Ակադեմիայում սովորելու բախտը ոչ բոլորին է վիճակված:

Նաիրա Մարտիրոսյան

«3 Միլիոն»