Իռլանդիայի հարավի Ուոթերֆորդ քաղաքում մեկ մարդ է զոհվել տարածաշրջանում մոլեգնող «Օֆելյա» փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է RTE իռլանդական հեռուստաալիքը: Տարերքի զոհ դարձած կինը գտնվել է ավտոմեքենայում, որի վրա ընկել է քամուց տապալված ծառը, նշում է հեռուստաալիքը:
Տեղի իշխանությունները դիմել են վարորդներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ ուղևորություններից, քանի դեռ քաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով արտակարգ դրություն է պահպանվում: Ավելի վաղ երկրի վարչապետ Լեո Վարադքարը հայտարարել էր, թե այն գոտիներում, որտեղ հայտարարված է վտանգի կարմիր մակարդակ, տեղաբաշխվել են զինված ուժեր:
Նրա խոսքով՝ «նրանք պատրաստ են հետագա գործողություններին»: Ավելի վաղ նշվել է, որ վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն է հայտարարված Իռլանդիայի արևմտյան մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: