Թբիլիսի քաղաքի գազալցակայաններից մեկի աշխատակիցը` 64 տարեկան Գ-ն, որն ազգությամբ հայ է, կարողացել է ժամանակին մեկուսացնել պայթյունին հաջորդած հրդեհը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ականատեսներից մեկը։
«Նա հասցրեց փակել գազի գլխավոր խողովակը և կանխեց հրդեհի տարածումը, բայց թեթևակի վնասվածքներ ստացավ»,- ասաց մեր աղբյուրը։
Sputnik Արմենիայի տվյալով, գազալցակայանի սեփականատերը ՀՀ քաղաքացի է։ Արդեն 4 տարի գործող կայանում սա առաջին նման դեպքն է։
Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել։
Քրեական գործ է հարուցվել «լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 2 տարվա ազատազրկում։