Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ և ձախ նախաբազկի կտրած-քերծած վերք ախտորոշմամաբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զավարյան փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքից։
Ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։