Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը. armeniasputnik.am

 Sputnik Արմենիան ներկայացնում է այն հայերին, որոնք փոխել են աշխարհը, օգնել մեկ քայլ առաջ շարժվել` աշխարհին նոր թափ հաղորդելով։

Հայերը մի յուրահատուկ ջիղ ունեն` աշխարհի որ անկյունում էլ հայտնվեն, արագ ընտելանում են և ցուցաբերում անսովոր աշխատասիրություն ու տաղանդ։ Ամբողջ մոլորակով մեկ սփռված հայերն այնպիսի հայտնագործություններ են արել, որոնք հեշտացրել են մարդկանց կյանքը։

Հովհաննես Ադամյան

Գունավոր հեռուստատեսություն դիտելու համար աշխարհը պարտական է Հովհաննես Ադամյանին։ Հայ գյուտարարը գունավոր հեռուստատեսության հիմնադիրն է։ 1925թ. նա արտոնագրել է եռագույն` կարմիր, կանաչ և կապույտ էլեկտրամեխանիկական հեռուստատեսային համակարգը: Ադամյանի մշակած եռագույն սկզբունքով հեռուստատեսությունն առաջին անգամ փորձնական կիրառվել է Լոնդոնում, 1928թ.: Իսկ տարիներ անց` 1945 թվականին, «Columbia» հեռարձակման ընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, ինչից հետո հայ գյուտարարի համակարգը անվանել են կայուն և հաջողված։

Հովհաննես Ադամյան

Ռայմոնդ Վահան Դամադյան

Ռայմոնդ Վահան Դամադյանը մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի ստեղծողն է։

«Ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ»,–ասել է մեծանուն գիտնականը։

Այսօր հայտնի ՄՌՏ–ն բժշկության մեջ մեծ դերակատարում ունի։

Ռայմոնդ Վահան Դամադյան

Իգնատի Լուկաշևիչ (Ղուկասյան)

Իգնատի Լուկաշևիչը կերոսինային լամպի հայտնագործողն է։ Լվովի լաբորատորիայում նա նավթի թորման փորձարկումներ է արել։ Իսկ 1853թ. Լուկաշևիչը թորման արդյունքում ստացել է կերոսինը։ Փորձարկումների ժամանակ նա նկատել է, որ կերոսինը վառելիս, նավթի հետ համեմատած, այն ավելի շատ լույս և ավելի քիչ վնասակար նյութեր է արձակում: Այսպիսով, նա մշակել է կերոսինով աշխատող լամպի մոդելը։ Լուկաշևիչի հայտնագործած կերոսինային լամպը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորել է երկրագնդի մի զգալի հատվածը։ Պատմությունը Լուկաշևիչին հիշում է որպես «նավթային հանճար»։

Իգնատի Լուկաշևիչ

Արտեմ Միկոյան

Արտեմ Միկոյանը հայտնի «Միգ 1», «Միգ 2» կործանիչների ստեղծողն է։ Նրա ղեկավարությամբ ստեղծված «Միգ» մակնիշի ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներն արտահանվել են աշխարհի 40 երկիր` 60 հազար օրինակով։

Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ–գնդապետ է, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի դափնեկիր։ Միկոյանի անունով Մոսկվայում գործում է մեքենաշինական գործարան, իսկ Երևանում նրա անունով փողոց կա։

Արտեմ Միկոյան

Վարազդատ Ղազանչյան

Վարազդատ Ղազանչյանը պլաստիկ վիրաբուժության առաջամարտիկներից է։ Նա 19–րդ դարի վերջին փախել է Համիդյան ջարդերից ու հայտնվել է Ֆրանսիայում։ Հետագայում տեղափոխվել է Արևմուտք։ Մեծ Բրիտանիայի Ջորջ արքան Վարազդատ Ղազանչյանին պարգևատրել է  Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշաններով։ Իսկ Զիգմուդ Ֆրոյդը նրան կարճ ու կոնկրետ անվանել է «հրաշագործ»։ Ղազանչյանը փայլում էր ու գրեթե անփոխարինելի էր դիմածնոտային համակարգի պլաստիկ վիրաբուժության ոլորտում։

Վարազդատ Ղազանչյան

Լյութեր Ջորջ Սիմջյան

Բանկոմատների գյուտի հեղինակը ծագումով հայ ԱՄՆ քաղաքացի Լյութեր Ջորջ Սիմջյանն է: Առաջին բանկոմատը նա ստեղծել է 1939 թվականին։ Հետաքրքրական է, որ նա իր գյուտն առաջարկել է «City Bank of New York»-ին, որը կես տարի անց վերադարձրել է մեքենան. չի գնահատել սարքի հնարավորությունները:

Նրա ստեղծածը միայն մի բանով էր տարբերվում այսօրվա բանկոմատներից։ Այն կապված չէր բանկի հետ, հետևաբար կանխիկ գումար էր տրամադրում, բայց այն դուրս չէր գրում հաշվեհամարից։ Հենց Սիմջյանն է արտոնագրել թղթադրամի, հետո արդեն 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Լյութեր Ջորջ Սիմջյան

Գաբրիել Կազանչյան

1911 թվականին հայազգի գյուտարար Գաբրիել Կազանչյանն արտոնագրեց կանանց փրկիչ` բռնակով վարսահարադարիչը։ Արդեն 3–4 տարի անց կանայք գումար չէին խնայում այդ սարքն իրենց տուն տանելու համար։ Չնայած նորաստեղծ վարսահարդարիչները ծանր էին, բայց ավելի հարմար էր դրանք կիրառելը, քան վարսահարդարման սրահներում երկար–բարակ ժամանակ ծախսելը։

Գաբրիել Կազանչյանն արտոնագրել է նաև ծալվող աթոռակն ու մեքենայի նստելատեղի ճկվող գլխամասը:


Գաբրիել Կազանչյան