Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքում փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով, և քաղաքական ապաստան տրամադրելու հետ կապված լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցվում են կառավարության կողմից լիազորված մարմնին:
«Բովանդակային առումով հիմնական փոփոխությունը սա է, և նաև մեկամսյա ժամկետը փոխարինել ենք եռամսյա ժամկետի այն պարագայում, երբ հայցողը դիմում է քաղաքական ապաստան ստանալու համար: Սա ընդհանուր եվրոպական վեկտորի մեջ է տեղավորվում, որպեսզի ավելի երկար ժամանակ լինի ավելի մանրամասն ուսումնասիրություններ անելու համար»,- ընդգծեց Տերտերյանը: