Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստան-Ռուսաստան Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովը: Միության առողջապահական խմբում քննարկվել են համաշխարհային առողջապահական խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները։
Վեհաժողովի շրջանակում կառույցի առողջապահական խմբում Հայաստանի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում Հայաստանում իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Պատգամավորն անդրադարձել է, մասնավորապես, ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ ճամփորդական արգելքների, պարտադիր հետազոտությունների վերացմանը։
Կարեն Ավագյանն ընդգծել է, որ երբ 1990-ականներին Հայաստանում գրանցվեցին ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը, բացասական տրամադրվածություն կար ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, փորձ էր արվում խստացնել նրանց վերաբերող ցանկացած կարգավորում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ խիստ միջոցները որևէ կերպ չեն օգնում, որպեսզի խոցելի խմբերը թեստավորում անցնեն և բուժում ստանան։ Ուստի Հայաստանում փոխվեց քաղաքականությունը, ավելացան մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված պետբյուջեի հատկացումները։
Սա հանգեցրեց նրան, որ այսօր հղի կանանց գրեթե 100 տոկոսը ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հետազոտություն է անցնում, դրական դեպքերի ժամանակ կանայք կանխարգելիչ բուժում են ստանում և առողջ երեխաներ ունենում։ Այս ամենի արդյունքում 2016 թվականին Հայաստանը ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը. մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ այլևս չի փոխանցվում։
Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամներն այցելել են նաև Սանկտ Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի, այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Կարեն Ավագյանը հանդիպումների ընթացքում խոսել է Ռուսաստանի կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքների, մասնավորապես, այդ մարդկանց արտաքսման խնդրի մասին։ Ռուսական օրենսդրական այս դրույթն առնչվում է նաև Հայաստանից Ռուսաստան մեկնողներին։ Ռուսաստանից արտաքսումից խուսափելու համար չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցած միգրանտները չեն հետազոտվում, արդյունքում լինելով ՄԻԱՎ վարակակիր և շատ դեպքերում տեղյակ չլինելով այդ մասին՝ վարակում են իրենց կանանց։ Վկայակոչելով հայաստանյան փորձը՝ Ավագյանը ՌԴ իրավասու մարմիններին առաջարկել է քննարկել օրենսդրական նորմերը մեղմելու հարցը։
med.news.am