Օրերս երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանը ներկայացրել է իր նոր՝ «Կյանիքս թագուհին» տեսահոլովակը, որի հերոսներն են դերասան Գնել Ուլիխանյանն ու նրա կինը՝ Աննա Դալլաքյանը: Տեսահոլովակն ասես պատմի նրանց սիրո մասին, ուստի Life.panorama.am-ը զրուցել է Գնելի հետ՝ պարզելու, թե արդյոք երգը պատվիված է հենց իրենց համար:
«Իրականում երգն ու տեսահոլովակը պատվեր չէ, այլ պարզապես շատ հաճելի ու ընկերական համագործակցություն»,- նշեց դերասանն ու շաունակեց.
«Րաֆֆիի հետ վաղուց ենք մտերիմ, միասին երկու նախագծերում ենք նկարահանվել: Երկար ժամանակ առաջ նա ինձ ասել էր, որ կցանկանա մի օր նկարահանվեմ իր ապագա տեսահոլովակներից մեկում: Հետո վերջերս ինձ համար շատ անակնկալ կերպով Րաֆֆին զանգեց ու առաջարկեց նկարահանվել իր նոր տեսահոլովակում, և քանի որ ես շատ եմ հավանում նրա երաժշտական ճաշակն ու այս երգն էլ սիրեցի, ուստի համաձայնեցի: Հետո երկար ժամանակ մտածում էինք, թե ով պետք է տեսահոլովակում իմ խաղընկերը լինի: Հենց այդ մտորումների ընթացքում էլ հիշեցի իմ ու կնոջս՝ Աննայի, կատակները, թե մի օր ինքն էլ է դերասանուհի դառնալու, ու քանի որ ներկայացումներում ու ֆիլմերում դա անհնար կլիներ, որոշեցի այս տեսահոլովակի համար առաջարկել Րաֆֆիին և նա անմիջապես համաձայնեց»:
Գնելի խոսքով՝ Աննային ևս անակնկալի է բերել իր առաջարկով.
«Ուզում էի Աննային անակնկալ անել, բայց նա ընթացքում գլխի ընկավ, որ ինչ-որ բան եմ թաքցնում ու համոզեց ժամանակից շուտ բացել անակնկալս: Երբ իմացավ որոշմանս մասին, շատ ուրախացավ»,- ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:
Գնելի խոսքով՝ երկու օր է, ինչ տեսահոլովակը հասանելի է, սակայն արձագանքները բուռն են:.
«Տեսահոլովակում իրական ու անկեղծ սեր է, մենք չենք խաղացել, պարզապես մեր կյանքն ենք ցույց տվել, ինչը հենց գրավում է դիտողներին: Կարծում եմ՝ իսկապես հաճելի է, երբ իրական սեր ես տեսնում էկրաններին»,- հավելեց նա:
Սիրող ամուսինը նկարահանումների ընթացքում հոգացել է, որ Աննան իրեն հնարավորինս անկաշկանդ զգա.
«Երբ նկարահանումներն ավարտվեցին, Աննան ինձ շնորհակալություն հայտնեց, իսկ իմ զարմացած հարցին, թե ինչու, պատասխանեց, որ իմ օգնությամբ հաղթահարել է ներքին լարվածությունը: Նկարահանման ողջ ընթացքում փորձում էի պահպանել անմիջականությունը, որ Աննան չկենտրոնանա տեսախցիկի վրա: Ի վերջո, կրկնում եմ՝ մենք չէինք խաղում, արհեստական ոչինչ չկար»,- ընդգծեց Գնել Ուլիխանյանը:
Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Դիլիջանում, ի դեպ՝ մասնակցել է նաև Գնելի և Աննայի դուստրը.
«Նկարահնումները երկու օր են անցկացվել: Պարզ լճի չքնաղ բնությունն ամեն ինչ էլ ավելի գեղեցիկ դարձրեց: Մեզ հետ էր նաև մեր փոքրիկը՝ Մալվինան, ով վերջում ևս փոքրիկ դրվագում մեզ հետ նկարահանվեց: Կարծում եմ՝ երեխան սիրո ամենագեղեցիկ դրսևորումն է, իսկ այս երգը հենց անսահման սիրո մասին է: Թեև «Կյանքիս թագուհին» հատուկ մեզ համար գրված չէր, բայց այն ասես դարձավ մերը»,- նկատեց Գնելը: