Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը:
«Հիմա այն թեստային փորձարկումներ է անցնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հարմար Հայաստանի պայմաններին: Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին: Այդ նույն գնացքից օգտագործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և որևէ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ որևէ խնդիր չի լինի, և շուտով այն կսկսի աշխատել»,- ասաց Ալոյանը:
Նա հավելեց, որ գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով: Նրա խոսքով` Երևան-Գյումրի ուղղությամբ գնացքից օգտվողների թիվը սովորաբար չի գերազանցում 100-ը, ուստի այն շատ հարմար կլինի այդ ուղղությամբ աշխատելու համար:
«Բացի նստատեղերից, գնացքը հարմար է նաև կանգնած ուղևորների տեղափոխելու համար: Եթե նույնիսկ նստելու տեղեր չլինեն դրանից օգտվելու հնարավորություն կունենան նաև այն ուղևորները, ովքեր ոչ թե Գյումրի են գնում կամ Գյումրիից Երևան, այլ այդ գծի վրա գտնվող ավելի մոտ բնակավայրեր: Քանի որ հեռու չեն գնալու, նրանք կարող են կանգնած ուղևորվել, իսկ գնացքը կանգնած ուղևորների տեղափոխելու հնարավորություն ունի»,- մանրամասնեց Ալոյանը:
Գնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից:
Ալոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր էլեկտրական գնացքում կբացառվեն ծխելու դեպքերը, քանի որ այն ունի հակածխախոտային ազդանշանի համակարգ, որն անմիջապես ազդանշան կտա, եթե որևէ մեկը փորձի ծխել:
Եթե էլեկտրագնացքն իրեն արդարացնի, ապա առաջիկայում հնարավոր է Հայաստան բերվեն նորերը: