Դերասան Կարեն Ասլանյանը «Առաջնորդները» և «Դեպի երազանք» նախագծերի ավարտից հետո չի նկարահանվում նոր նախագծում։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարենն ասաց, որ սա լավ հնարավորություն է մի փոքր դադար առնելու։
«Այս ժամանակահատվածում ի նպաստ ինձ է չնկարահանվելը, որովհետև մոտ 3 տարի անդադար նկարահանվել եմ հեռուստանախագծերում և եղել էկրաններին։ Այս փուլում զբաղվում եմ իմ գործերով, որոնք ավելի շատ կապված են իմ բիզնեսի հետ։ Ես առևտրի ոլորտում բիզնես ունեմ, սակայն չեմ ուզում մանրամասնել, թե կոնկրետ ինչով եմ զբաղվում»,– նշեց նա:
Կարենի խոսքով` դադարի փուլն օգտագործում է նաև ինքնակրթությամբ զբաղվելու, մասնագիտական գրականություն կարդալու համար։
Հարցին, արդյոք այս ընթացքում առաջարկներն էլ են քիչ, Կարենը պատասխանեց. «Առաջարկների պակաս չունեմ։ Եղել են առաջարկներ, սակայն հրաժարվել եմ նկարահանվել։ 2 առաջարկ եմ ստացել հեռուստասերիալներից։ Ես կարևորում եմ, որպեսզի իմ կերպարները տարբերվեն մեկը մյուսից։ Եթե տեսնում եմ նմանություն կամ ինչ–որ բան սրտիս չի դիպում, փորձում եմ սպասել այն կերպարին, որը սրտանց կխաղամ»։
Կարենը ներկայանում է նաև որպես երգիչ, սակայն, ինչպես ինքն է նշում, նորություններ ներկայացնում է միայն այն ժամանակ, երբ ասելիք է հասունանում։
Ամբողջությամբ՝ life.tert.am