Առաջ մտածում էի, թե կարևորը մասնակցությունն է, բայց հիմա այլևս այդպես չեմ կարծում. Էռնա Միր. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Առաջ մտածում էի, թե կարևորը մասնակցությունն է, բայց հիմա այլևս այդպես չեմ կարծում. Էռնա Միր. life.panorama.am

Արցախցի երիտասարդ երգչուհի Էռնա Միրը (Միրզոյան), ով «Նոր Ալիք» մրցույթում երեք օրերի արդյունքում ստանալով 362 միավոր՝ Հայաստանին հաղթանակ ապահովեց, Life.panorama.am-ի զրուցակիցն է:

Երգչուհին նշեց, որ թեև մրցույթից մեկ ամիս է անցել, բայց շարունակում է հաճելի տպավորություններով ապրել.

«Արդեն վաղուց մրցույթն ավարտվել է, բայց դեռ ինձ թվում է, թե նորից պետք է  դա կատարվի ինձ հետ: Դեռ մանկուց էի ցանկանում հայտնվել այդ բեմում և իմ մասնակցությունը, որը հաղթանակով գրանցվեց, ասես երազանքի իրականացում լինի: Այնտեղ ամեն ինչ հեքիաթային էր ինձ թվում, քեզ ասես աստղ էիր զգում. բոլորը աշխատում էին քեզ համար, ուզում էին քեզ հետ հարցազրույցներ անցկացնել: Հիմա շատ եմ կարոտում այդ ամենը, նաև հանդիսատեսի չափազանց մեծ ջերմությունը»,- նշեց Էռնան ու շեշտեց՝ գնացել էր հնեց հաղթելու.

«Առաջ մտածում էի, թե կարևորը մասնակցությունն է, բայց հիմա այլևս այդպես չեմ կարծում: Ես ու մեր պրոդյուսեր Լիռա Քոչարյանը, ի սկզբանե ներկայացնելով իմ մասնակցության հայտը, գնում էինք հաղթելու և փառք Աստծո, դա ստացվեց մեզ մոտ: Մրցույթից առաջ մենք ամեն օր խոսում էինք այդ մասին, և անկեղծ ասեմ՝ իմ մեջ զգում էի, որ առաջին հորիզոնականն եմ վերցնելու»,- պատմեց նա:

Էռնա Միրը առանձնահատուկ անդրադարձավ «Նոր ալիքի» հանդիսատեսին.

«Միշտ եմ ասել՝ ես սիրում եմ իմ հանդիսատեսին և կապ չունի նրանց ազգությունը: Ինչ խոսք, իմ ամենամեծ երազնանքն է շրջագայել աշխարհով մեկ և ելույթ ունենալ տարբեր երկրներում ապրող մեր հայ հանդիսատեսի համար: «Նոր ալիքի» հանդիսատեսը շատ ջերմ էր, նրանք իրենց ժպիտներով անընդհատ ինձ հանգստացնում էին: Ի դեպ՝ մի գաղտնիք բացեմ. մինչ բեմ դուրս գալը ես շատ եմ լարվում, մի խաչ ունեմ, որ կուլիսներում միշտ ձեռքիս է, այն ինձ ուժ է տալիս, իսկ երբ բարձրանում եմ բեմ, հանդիսատեսն է կարողանում ինձ ազատել լարվածությունից: Այսինքն, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր լարվում են հանդիսատեսից, ինձ մոտ ճիշտ հակառակն է: Նրանք ինձ մեծ էներգիա և էմոցիաներ են փոխանցում, հենց դա էլ բեմում իմ ինքնավստահության պատճառն էր: Իհարկե, մրցույթներում շատ կարևոր է ժյուրիի համակրանքը, սակայն երգիչը ողջ կյանքում ժյուրիի համար չի երգելու, ամենակարևորը հանդիսատեսն է»,- ընդգծեց երգչուհին:

Խոսելով մրցույթում իր և Սյուզաննա Մելքոնյանի հարաբերություններից, Էռնան նշեց.

«Ես միշտ ասել եմ, որ երկու պետություն էի ներկայացնում՝ Հայաստանը և ԼՂՀ-ն: Իհարկե, դժվար էր, երբ հանգամանքները բերել էին նրան, որ ես մրցում էի նաև իմ հայրենակցի դեմ: Լավ էր գոնե, որ մենք տարբեր էինք մեր ոճերով և ժանրով: Նա շատ տաղանդավոր երգչուհի է, նրան շատ եմ սիրում և հարգում: Ես չեմ փորձել Սյուզաննայից լավ երգել, ես պարզապես ուզում էի, որ այնտեղ ճիշտ հասկանային իմ ոճը: Ուրախ եմ, որ Սյուզաննան ևս շատ սիրվեց այնտեղ ու կրկին հաղթական հորիզոնական գրավեց: Այնտեղ բոլորն էլ գնացել էին հաղթելու, և ես այդ թվում: Ու չնայած մրցույթում ինձ համար հրաշալի ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ շատ ջերմ կապեր ունեմ, միևնույն է, ես, ինչպես բոլորը, ուզում էի հաղթել և իմ երկիրը պատվով ներկայացնել»:

Էռնա Միրը նոր հաղթանակից ոգևորված՝ ցանկություն ունի էլ ավելի ակտիվ գործել.

«Ուրախ եմ, որ հաղաթանակից հետո ունեմ մի շարք հրավերներ՝ մասնակցելու տարբեր համերգների, հաղորդումների: Այս ամենն ինձ շատ մեծ էներգիա է հաղորդում: Ես մեծ հաճույքով եմ անդադար երկար ճանապարհ կտրում ու Արցախից գալիս Երևան: Շուտով համերգ է նախատեսվում նաև Կրասնոդարում: Ամեն մի հրավեր հուշում է, որ մեր թիմի՝ «Արցախի ձայներ»-ի աշխատանքը գնահատվում է: Ի դեպ՝ իմ հաղթանակը վերագրում եմ հենց նրանց՝ ի դեմս Լիռա Քոչարյանի: Հիմա մենք կենտրոնացած ենք փոքրիկ ղարաբաղցի Միշայի վրա, ով Հայաստանը կներկայացնի «Մանկական եվրատեսիլ»-ում: Դե իսկ ես էլ պատրաստվում եմ նոր տեսահոլովակի մասին մտածել, բայց այդ մասին ավելի ուշ կխոսեմ»,- ավարտեց երգչուհին:

life.panorama.am



Նման նյութեր