Զաքարիա Ծայրագույն վարդապետի Facebook-յան գրառումը. «Կյանքն Աստծուց մարդուն տրված մեծագույն շնորհն ու պարգևն է, որը պետք է գնահատել, արժևորել և իմաստավորել, այլ խոսքով` կյանքի ամեն մի ակնթարթն անցկացնել բովանդակությամբ լի: Բայց կյանքը նաև պատասխանատվություն է, ուստի չի կարելի հենց այնպես ապրել, ժամանակը պարզապես վատնել, անտարբեր և անհաղորդ լինել, անբովանդակությունը դարձնել մեր կյանքի անբաժանելի մասը:
Քրիստոնյայի համար խոտելի և կրավորական է նման կեցվածքն ու պահվածքը: Բոլորս էլ ապրում ենք հոգսերով ու զանազան խնդիրներով: Երբեմն շատերին թվում է, որ իրենք ամենադժբախտն են ու ապերջանիկը, փորձում են իրենց մեջ կուտակված եթեների և ինչուների պատասխանները ստանալ, հաճախ ըմբոստանում են, ընդդիմանում և մտածում, որ ամեն ինչ կարող են իրենց կյանքի հետ անել: Մի պահ կա՛նգ առեք և նայե՛ք ձեր շուրջը. ինչքա՜ն լավ մարդիկ կան հենց նույն ձեր շրջապատում, ինչքա՜ն շատ են անկեղծ սրտերն ու հոգիները, ինչպե՞ս կարելի է անտարբեր լինել և աստվածապարգև կյանքը չգնահատել:
Գնահատե՛ք ձեզ հոգեհարազատ և սրտակից մարդկանց, քանի դեռ նրանք ձեր կողքին են, մի՛ զլացեք նրանց սիրո և ջերմ խոսքեր ասելուց և աշխատե՛ք թեթևացնել նրանց բեռն ու հոգսը: Կյանքը շատ կարճ է, բայց քաղցր ու հետաքրքիր, և այն արժանավայել է պետք ապրել հույսով, հավատով և անկեղծ սիրով: Չմոռանա՛ք ձեր սիրելիների մասին, զանգահարե՛ք, խոսե՛ք նրանց հետ և ասեք, թե ինչքա՛ն եք կարոտել նրանց և ինչքա՛ն շատ եք սիրում նրանց, հավատացեք նրանք սպասում են դրան:
Բարի օր եմ մաղթում բոլորիդ և Տիրոջ օրհնությունը հայցում ամենքիդ համար»: