Հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության էր ներկայացրել նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 բացառիկ պատմամշակութային արժեք ունեցող ցուցանմուշներ:
Իրանի ազգային թանգարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԻԻՀ փոխնախագահ և Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանը, տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջաբրաիլ Նոքանդեն և մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, սրբազան հայրեր, իրանահայ համայնքի անդամներ, մշակութային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ սույն աննախադեպ մշակութային ձեռնարկն անառարկելի վկայությունն է Մերձավորարևելյան տարածաշրջանի փառահեղ անցյալի, հայ և իրանցի ժողովուրդների 5000-ամյա ընդհանուր պատմության:
Նշվեց, որ Հայաստան-Իրան հարաբերություններն այսօր էլ խարսխված են ջերմ բարեկամության և մշակութային ամուր փոխկապակցվածության հիմքերի վրա, մի բան, որ հուսալի երաշխիք է վաղվա արդյունավետ և արժանապատիվ համագործակցության համար:
Ցուցահանդեսի բացումից հետո ցուցանմուշները ներկայացվեցին հյուրերին և այցելուներին: