Մեր երկրում պետական լեզուն կա և կլինի հայերենը
Advertisement 1000 x 90

Մեր երկրում պետական լեզուն կա և կլինի հայերենը

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Մեր երկրում պետական լեզուն կա և կլինի հայերենը՝ և այդ հարցը, կապված Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու ՀՀ կրթության և գիտության նախարարության, պարզ ասենք, անհաջող հայեցակարգ մշակելու փորձի հետ, պետք է փակված համարել: Այս կոնտեքստում դիտարկենք օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի 1in.am կայքին տված հարցազրույցը: Միանգամից նշենք, որ փոխնախարարը փորձում էր փոքր ինչ մեղմել այդ հայեցակարգի քննարկումներից հետո հայ հասարակության մոտ առաջացած բացասական նստվածքը:

Մեկ անգամ ևս փաստելով, որ ռուսերենը Հայաստանում ընդամենը օտար լեզուներից մեկն է, Վահրամ Մկրտչյանն ընդգծում է. «Հայաստանում հատուկ կարգավիճակ ոչ մի լեզվի չի տրվում, առավել ևս ռուսերենին: Մենք այս հայեցակարգով ուզում ենք փաստել, որ մեզ համար կարևոր են օտար լեզուները, կարևոր են ռուսերենը, անգլերենը: Մեր դպրոցներում խորացված ձևով լեզուներ պետք է ուսուցանենք, որպեսզի այսօրվա գլոբալիզացվող և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ գրեթե ամբողջ գրականությունը անգլերեն է և մի ստվար գրականություն էլ նաև ռուսերենով կա, ուստի՝ մեր երիտասարդությունը և ամբողջ հանրությունը պետք է տիրապետեն բազմաթիվ օտար լեզուների, այդ թվում նաև ռուսերենին»: Բայց, կներեք, եթե այդպիսի մտահոգություններ ունեք գլոբալիզացման վտանգի հետ կապված, ապա ո՞վ է խանգարում՝ զարկ տվեք և ջանք ու եռանդ մի խնայեք մեր ազգային գերագույն արժեքի և ինքնության հենասյունի՝ հայերեն լեզվի զարգացմանը:

Իր հարցազրույցում կրթության փոխնախարարն իրավացիորեն փաստում է այն իրողությունը, որ Հայաստանում երիտասարդության համար, պետական հայերեն լեզվից հետո, երկրորդ լեզուն անգլերենն է դարձել. «Մեր մոտ, եթե մենք դիտարկում ենք երիտասարդությանը, ապա մեր երկրի երիտասարդ սերունդը բավականին լավ յուրացրել է անգլերենը, կարելի է ասել՝ գրեթե ազատ տիրապետում է: Բայց մի փոքր հետին պլան էր մղվել ռուսերենը, որովհետև ռուսական միջավայրը, գրականությունը, շփումները ավելի պասիվ էին դարձել»: Այնուհետև փոխնախարարը այսպես է շարունակում. «Հաշվի առնելով, որ մենք այժմ ԵԱՏՄ անդամ երկիր ենք, և այնտեղ ամբողջ գրագրությունը, շփումները, գործարար կապերը տեղի են ունենում ռուսերենով, մենք կարևորում ենք, որ նաև այդ լեզվով հայ երիտասարդը հիմնարար գիտելիքներ պետք է ունենա»:

Նախ, Հայաստանում վաղուց արդեն ամենուրեք ողջ գրագրությունը միայն հայերեն է, և անկախության այս 26 տարում մեծացած հայեցի սերունդը, ի՞նչ է, հիմա էլ պետք է «ետողորմյա» անի այդ ամենը: Եվ վերջիվերջո, ո՞վ է խանգարում, որ ցանկացած հայ երիտասարդ, եթե իրեն դա իրոք պետք է, համացանցում մշտապես կարդա, լսի, գրի և այդպիսով խորացված տիրապետի ռուսերենին: Բացի դրանից, իսկ ո՞վ է շփվում այդ ԵԱՏՄ պաշտոնյաների հետ: Բոլորն էլ գիտեն, որ միայն նախարարի կամ այլ բարձր պաշտոնյաների մակարդակով են լինում այդ շփումները: Գուցե իրո՞ք պետք է ռուսերենի դասընթացներ կազմակերպել հենց նրանց համար: Իսկ եթե մեր երիտասարդությանը անհրաժեշտություն լինի շփվել այլ երկրի երիտասարդների հետ, ապա հաստատ իմացեք, որ նույն ռուսաստանյան երիտասարդությունը վաղուց արդեն հրաշալի տիրապետում է որևիցե եվրոպական լեզվի, և շփման համար իրենց հարմար լեզուն երիտասարդները հաստատ իրենք կգտնեն:



Նման նյութեր