Փորձագետները խորհուրդ են տալիս տրանսպորտում տարեցներին տեղ չզիջել
Advertisement 1000 x 90

Փորձագետները խորհուրդ են տալիս տրանսպորտում տարեցներին տեղ չզիջել

Մարդկանց մեծ մասը վստահ է, որ տրանսպորտում տարեցներին տեղը զիջելը լավ է և ճիշտ: Սակայն, ինչպես պնդում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը, լավ վարքի կանոններին հետևելով՝ մենք իրականում արագացնում ենք տարեց օրգանիզմի մաշվելու գործընթացը:

Պրոֆեսորի խոսքով՝ տարեց մարդիկ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ կանգնեն և քայլեն: Իսկ ահա հանգստանալը և մշտական նստակյացությամբ սեփական կյանքը թեթևացնելը տարեցների համար չափազանց վտանգավոր է:

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս շարժասանդուղքի կամ վերելակի փոխարեն աստիճաններից օգտվել: Ավելին՝ երիտասարդ ազգականները հաճախ ջանում են մեծահասակների կյանքը թեթևացնել՝ նրանց նստեցնելով բազմոցին: Մինչդեռ ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը լիովին ետ է շրջում ծերանալու հետ կապված դեգեներատիվ պրոցեսները, ուստի չափազանց վտանգավոր է ամբողջ օրը բազմոցին նստած մնալը՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց տարիքում:

Հարվարդի համալսարանի աշխատակիցները վերջերս պարզել են, որ կյանքի նպատակ ունեցող տարեցներն ավելի արագ են քայլում, դրանից բացի՝ նրանց բազկի ուժն ավելի մեծ է: Քայլի արագությունը և բազկի ուժը սերտորեն կապված են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության (օրինակ՝ դեմենցիա, սրտի հիվանդություններ) և կյանքի տևողության հետ: Հետազոտությանը 5947 տարեց մարդ է մասնակցել: Կամավորները պատասխանել են կյանքի նպատակին առնչվող հարցերի: Այնուհետև մասնակիցներին 2 խմբի են բաժանել և նրանց հետևել են 4 տարի: Մասնակիցները լրացրել են հոգեբանականական հարցաշարեր: Գիտնականները գնահատել են նրանց քայլելու արագությունն ու բազկի ուժը:

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը, որը հետազոտության սկզբում բազկի բավարար ուժ է ունեցել, վերջում թուլացել է: Արագ քայլող 50 տոկոսից մի փոքր պակաս մասնակիցները սկսել են ավելի դանդաղ քայլել: Նպատակաուղղվածության բարձր մակարդակով մարդկանց քայլելու արագությունն ու բազկի ուժը ժամանակի ընթացքում ավելի քիչ են նվազել:

med.news.am