Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծման մասին:
Պաշտոնական հայտարարությունն արվել է հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքի ժամանակ:
Angels Network-ի անդամներ Ռուբեն Հարությունյանը և Իգոր Խալաթյանը տեղեկացրել են, որ այս նախաձեռնության շուրջ համախմբվել են 15 հայազգի ձեռնարկատերեր, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայկական ստարտափերին, այլև կօժանդակեն նրանց խորհրդատվությամբ:
Գալա ընթրիքի ժամանակ ներկայացվել է նաև FAST-ի «Հաջորդ սերնդի
խորհուրդը» (FAST NextGen Council), որին անդամներն են 15 երիտասարդ հայազգի գիտնականներն ու ինժեներները:
Ընթրիքի ընթացքում FAST-ը փոխըմբռնման երեք հուշագիր է ստորագրել.
– ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ (համագործակցելու ուղղությունը` կրթական ծրագրերի և համատեղ հետազոտություններ);
– Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` համատեղ հետազոտական աշխատանք, գիտական աշխատողների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում);
– Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` տվյալագիտություն, ռոբոտաշինություն, բիոտեխնոլոգիաներ և կրթություն):