Zdorovie.com-ը գրում է, որ մեծահասակ մարդն օրվա ընթացքում պետք է 20-30 գրամ մանրաթել ստանա։ Սակայն միջինում օրգանիզմը ստանում է այս կարևոր նյութի անհրաժեշտ չափաբաժնի միայն կեսը։ Պատճառն այն է, որ մենք ավելի շատ մշակված մթերք ենք օգտագործում, որոնցում մանրաթելերի քանակը քիչ է։ Այս կարևոր նյութը նպաստում է նութափոխանակության համակարգի անխափան աշխատանքին։ Սա մանրաթելերով հարուստ մթերքը սննդակարգ ներառելու միակ պատճառը չէ։
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դրան չի բավարարում մանրաթելերի մակարդակը
Փորկապություն է առաջանում։ Այս բուսական նյութը, որն օրգանիզմում վերամշակման չի ենթարկվում, օգնում է նյութափոխանակության արգասիքների դուրսբերմանը։ Եթե օրգանիզմին չի բավարարում մանրաթելերի մակարդակը, կարող է փորկապություն առաջանալ։ Կարելի է նաև հավելումներ ընդունել բժշկի նշանակմամբ, սակայն հարկավոր է այս նյութը ստանալ սննդից։
Նկատվում է մշտական սովի զգացում։ Քիչ քանակով մանրաթելեր պարունակող սննդակարգի պայմաններում կարող եք մշտական սովի զգացում ունենալ։ Մանրաթելերն օրգանիզմում շատ ավելի երկար են մնում, քան մյուս սննդարար նյութերը, ինչը նշանակում է, որ ավելի երկար ժամանակ եք հագեցածության զգացում ունենում։
Մեծանում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Մի խումբ հետազոտություններ ցույց են տալիս, որ որքան շատ մանրաթելեր եք ստանում, այնքան փոքր է խոլեստերինի մակարդակի բարձրացման հավանականությունը։ Խոլեստերինն ու մանրաթելերը միասին դուրս են գալիս օրգանիզմից։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ մարդիկ, ում օրգանիզմին բավարարում է մանրաթելերի մակարդակը, ավելի քիչ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից։ Բացի այդ՝ մանրաթելերը կարող են նպաստել ավելորդ քաշից ազատվելուն, ինչն ուղղակիորեն կապված է սրտի առողջության հետ։
Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ածխաջրերի բարձր մակարդակը և մանրաթելերի ցածր մակարդակը կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ, ինչը սպառնում է ուժերի արագ անկմամբ։ Շաքարի մակարդակի մշտական տատանումները կարող են հանգեցնել քնկոտության և ապատիայի, մեծացնել դիաբետի առաջացման հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը