2009 թվականին հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ 2008-ի մասնակիցներ իսրայելցի Բոազ Մաուդայի և սերբ Ելենա Տոմաշևիչի հետ միասին ձայնագրեց «Time to pray» (Աղոթելու ժամանակն է) խորհրդանշական երգը, որի խոսքերի հեղինակը երեկ՝ սեպտեմբերի 28-ին, կյանքից հեռացած Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն է:
Aysor.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է սկսվել այս համագործակցությունը և ո՞ւմ գաղափան է եղել նախագիծը:
«Նախագծին մասնակցելու գաղափարն ու առաջարկն, ի սկզբանե, հենց Իսրայելի կողմից է եղել: Հետաքրքրվելով նախագծի հիմնական գաղափարով՝ Սիրուշոն ընդունեց առաջարկն ու միացավ մյուս երկու երկրները ներկայացնող կատարողներին»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը:
Նախագծի հիմնական նպատակը խաղաղության մասին ստեղծագործություն ներկայացնելն էր:
«Դա է պատճառը, որ մասնակիցների թվում էին այն երեք երկրները, որոնք շատ լավ գիտակցում էին խաղաղության արժեքը: Ու հենց երաժշտությունը կապող օղակ հանդիսացավ՝ միանալ գաղափարին ու համատեղ նախագիծ ներկայացնել: Բացի անգլերեն հատվածից, արտիստներից յուրաքանչյուրը ստեղծագործության ընթացքում ներկայացրել է նաև մայրենի լեզվով գրված հեղինակային հատված: Պերեսը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր էր, ինչը նախագծի շրջանակներում իր մասնակցությունն էլ ավելի խորհրդանշական է դարձնում»,-նկատեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքվ՝ քանի որ նախագիծն իրականացնելու գաղափարը իսրայելական կողմինն էր, նախապես գրված էին ստեղծագործության խոսքերը, որի անգլերեն հատվածի հեղինակն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն է:
«Ասեմ, որ երգի ձայնագրությունն ու նկարահանումներն իրականացել են շատ արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Տեսահոլովակը նկարահանվել է Երուսաղեմում: Հենց այդ ժամանակ էլ նախագահի նստավայրում կայացավ մասնակիցների և Շիմոն Պերեսի հանդիպումը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սիրուշոյի մենեջերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին 93 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: