Golden Boy-ի բոլոր մրցանակակիրները. Որտե՞ղ են հիմա նրանք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Golden Boy-ի բոլոր մրցանակակիրները. Որտե՞ղ են հիմա նրանք

Արդեն հայտնի են այն երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր այս տարի կպայքարեն Golden Boy մրցանակի համար՝ Մբապե, Գաբրիել Ժեսուս և Ուսման Դեմբելե:

Մինչ այդ առաջարակում ենք վերհիշել, թե 2003-ից ի վեր ովքեր են ստացել այս մրցանակը և որտեղ են հիմա նրանք:

2003-Ռաֆայել Վան Դեր Վարտ

Վան Դեր Վարտը հարուստ ֆուտբոլային կենսագրություն ունեցավ, իսկ այժմ՝ 34 տարեկանում, խաղում է Դանիայի 4-րդ դիվիզիոնի «Միտյուլանդե» ակումբում:

2004-Ուեյն Ռունի

Ռունիի կարիերան շատ հաջող ընթացք ունեցավ՝ 5 անգամ՝ ԱՊԼ-ի հաղթող, 3 Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա և Անգլիայի գավաթ: Իսկ նախորդ տարի նա կարողացավ նվաճել Եվրոպա լիգան:

«Մանչեսթեր Յունայթեդում» նա խփեց 183 գոլ, ինչպես նաև դարձավ Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն:

Ամռանը Ռունին վերադարձավ իր հարազատ «Էվերթոն», բայց կարծես սա նրա ֆուտբոլային վերջին հանգրվանը չէ:

2005-Լեո Մեսսի

Այս ֆուտբոլիստի մասին, թերևս, քիչ բան կարող ենք ասել, քանի որ նա այնքան զարգացրեց ֆուտբոլային հմտությունները, որ նրան համարում են այլմոլորակային:

2005-ին այս մրցանակին կարող էին արժանանալ Ռունին և Լուկաս Պոդոլսկին, սակայն արդեն այդ ժամանակ մասնագետներն ապշած խոսում էին Մեսսիի տաղանդների մասին:

2006-Սեսկ Ֆաբրեգաս

Ֆաբրեգասը նվաճել է գրեթե բոլոր մրցանակները և ունի շատ անհատական պարգևներ, բայց մինչև այժմ կա տպավորություն, որ նա կարող էր ավելին: 2014 թվականից Ֆաբրեգասը «Չելսիի» ֆուտբոլիստ է:

2007-Սերխիո Ագուերո

Սերխիո Ագուերան մի քանի ակումբներում ուժերը փորձելուց հետո մեծ գումարով տեղափոխվեց «Սիթի», որտեղ համարվում էր գլխավոր աստղը: Տարիներն անցնում են, սակայն շատերը մինչ օրս էլ Ագուերոյին են համարում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր աստղային ֆուտբոլիստը:

2008-Անդերսոն

Անդերսոնը, թերևս, ցուցակի միակ ֆուտբոլիստն է, ով տապալեց իր կարիերան և ադպես էլ չկարողացավ տեղ գտնել եվրոպական գրանդներից որևէ մեկում:

2009-Ալեշանդրե Պատո

Վնասվածքները Պատոյին շատ խանգարեցին: Հրաշալի հնարավորություններ, շատ լավ մեկնարկ «Միլանում», բայց մի շարք վնասվածքներ, որոնք հեռացրին Պատոյին եվրոպական ֆուտբոլից: Հիմա Պատոն շատ լավ գումարներ է վաստակում Չինաստանում:

2010-Մարիո Բալոտելի

Բալոտելին դարձավ այն ֆուտբոլիստներից, ում մասին ավելի շատ խոսում են ոչ թե՝ ֆուտբոլային որակների, այլ՝ սկանդալային կերպարի համար:

Եթե Բալոտելին խելացի լիներ, ապա հիմա տեղ կունենար որևէ գրանդում, քանի որ ուներ և գուցե ունի ֆուտբոլային լավ որակներ: Հուսանք՝ Բալոտելին կվերականգնի լավ մարզավիճակը, և նրան կտեսնենք Աշխարհի առաջնությունում:

2011-Մարիո Գյոթսե

Կլոպի տեղծած «Բորուսիայի» մասին խոսում էին բոլորը, այդ թիմի խաղը գլխապտույտ էր առաջացնում: Չի կարելի պնդել, որ Գյոթսեն էր այդ թիմի լիդերը, բայց այն, որ Գյոթսեն հրաշալի էր խաղում, փաստ է:

Սակայն, կրկին առողջական խնդիրներ, որոնք խանգարեցին Գյոթսեին դառնալ համաշխարհային աստղ: Սակայն ֆուտբոլիստը դեռ ունի մեծ հնարավորություններ, քանի որ մարզավիճակ է «հավաքում» և դեռ 25 տարեկան է:

2012-Իսկո

Իսկոյի հրաշալի խաղի մասին Իսպանիայում հիմա չեն խոսում միայն ալարկոտները: Իսկոն հրաշալի մրցաշրջան անցկացրեց նախորդ տարի, իսկ այժմ համարվում է «Ռեալի» հիմնական խաղացողներից մեկը:

 2013-Պոլ Պոգբա

Պոգբան ռեկորդային գումարով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բայց ասել, որ նա տպավորում է կամ հրաշալի ֆուտբոլ է խաղում, այնքան էլ չի կարելի:

Իտալական մարզական մամուլը մինչև այժմ մեղադրում է Պոգբային գումարի հետևից գնալու համար, քանի որ կարծում է, որ Պոգբայի տեղափոխությունից չշահեց թե՛ ֆուտբոլիստը, թե՛ «Յուվենթուսը»:

2014-Ռահիմ Ստերլինգ

Ստերլինգը փայլում էր Սուարեսի կողքին և հրաշալի խաղեր էր անցկացնում: Սակայն որոշ ժամանակ անց Ստերլինգը մեծ գումարներ պահանջեց ակումբի ղեկավարությունից: Վերջինս պարզապես վաճառեց Ստերլինգին «Սիթիին»:

Գվարդիոլայի թիմում Ստերլինգը վերագտնում է իր խաղը:

2015-Անտոնի Մարսիալ

«Մոնակոյում» Մարսիալը փայլում էր: Անգլիական մամուլի կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Մարսիալը չի տպավորում՝ 8 գոլը 42 խաղում չի կարելի տպավորիչ արդյունք համարել:

Սակայն Մոուրինիոն շատ է վստահում Մարսիալին և հավատացած է, որ Մարսիալից շատ բան է կախված:

2016-Ռենատո Սանչես

Եվրոպայի առաջնությունում Սանչեսը տպավորեց, ինչից հետո Եվրոպայում սկսեցին շատ խոսել նրա մասին:

«Բավարիան» բաց չթողեց հնարավորությունը և գնեց երիտասարդ ֆուտբոլիստին: Սակայն նրա կարիերան «Բավարիայում» այնքան էլ չստացվեց: Գուցե մեղավորն Անչելոտին էր, ով սիրում էր խաղալու շանս տալ 30-ն անց ֆուտբոլիստներին:

Հիմա Սանչեսը վարձակալական հիմունքներով խաղում է «Սուոնսիում»:

Սիրարփի Աղաբաբյան