Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը այս տարվա համար վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը և հասցրել 4.3%-ի, իսկ 2018 թվականի համար կանխատեսում է 4.5% տնտեսական աճ։ Այս կանխատեսումները կարելի է գտնել 2018 թվականի պետական բյուջեի նախագծում։
Իսկ ինչի՞ հաշվին է աճում և աճելու տնտեսությունը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից կազմված այս գծապատկերում երևում է, թե որքան է լինելու տնտեսության առանձին ճյուղերի նպաստումը տնտեսական աճին։
2017 թվականին սպասվող 4,3% տնտեսական աճի մեջ ամենամեծ ներդրումը՝ 3.2 տոկոսային կետ, ունեցել է ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 1.5 տոկոսային կետով։ Գյուղատնտեսության և շինարարության նպաստումը բացասական է, համապատասխանաբար, 0.5 և 0.2 տոկոսային կետով։ Այսինքն, այս 2 ոլորտները նվազեցնում են տնտեսական աճի ցուցանիշը։
2018 թվականի համար, ինչպես նշեցինք, կառավարությունը կանխատեսում է 4.5% տնտեսական աճ։ Եվ ըստ բյուջեի կանխատեսման՝ այդ աճին նպաստելու են տնտեսության բոլոր թվերը։ 2018 թվականին տնտեսական աճին նպաստելու առումով «չեմպիոնը» կրկին լինելու է ծառայությունների ոլորտը՝ 2.2 տոկոսային կետ։ Արդյունաբերության նպաստումը տնտեսական աճին լինելու է 1.1 տոկոսային կետ, շինանարարության ոլորտինը՝ 0.2% տոկոսային կետ, գյուղատնտեսությունը՝ 0.6 տոկոսային կետով։
Կառավարությունը նաև համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.: Նշենք, որ հետճգնաժամային տարիներին տնտեսական աճի ներուժը նվազել է, և 2016թ. Նույնպես տնտեսությունն իր պոտենցիալից ցածր է գտնվել (ինչպես երևում է ստորև բերված գծապատկերում):