«Ես ավելի սառը, չոր էի, հիմա ավելի զգայուն եմ». Գայանե Ասլամազյանը` ամուսնու նվերի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես ավելի սառը, չոր էի, հիմա ավելի զգայուն եմ». Գայանե Ասլամազյանը` ամուսնու նվերի մասին. life.tert.am

Գայանե Ասլամազյանի 41–ամյակի առթիվ ամուսինը` Ջիանի Օնչոն, նրան երգ էր նվիրել։  Tert.am Life–ի հետ զրույցում Գայանեն ասաց, որ անակնկալը, իսկապես, ստացված էր։ Ամուսնուն միշտ հաջողվում է հաճելի պահեր պարգևել իրեն։

«Անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային։ Երգից շատ փոքր հատված եմ լսել և ինձ շատ է դուր եկել։ Ես առավոտյան ստացա և՛ ծաղիկներ, և՛ նվերներ, սակայն ամուսինս ասաց` սա դեռ նվերդ չէ։ Սպասում էի, թե ինչ է լինելու, զանգեց, ասաց` էջումս մի բան եմ դրել, նայիր։ Շատ հաճելի նվեր էր։ Անունն էլ էր գրավիչ` «Իմ սրտի տեր»»,– ասաց հաղորդավարուհին։

Ամուսինը ջանք չի խնայում Գայանեին ցույց տալու, որ նա իր կյանքի թագուհին է, Գայանեն էլ իրեն երջանիկ կին է համարում։ Ժամանակին իր զգացմունքները խնամքով թաքցնող դերասանուհին հիմա ավելի արտահայտվող է դարձել։

«Նման հաճելի պահեր շատ են լինում մեր կյանքում։ Ես իմ բնույթով ավելի չոր ու պինդ եմ, սակայն վերջերս ավելի «աղջկական» եմ դարձել։ Ինքս ինձ ճանաչել եմ ավելի սառը, կայուն էմոցիաներով, հիմա մի քիչ բացվել եմ, արտահայտվում եմ, ավելի զգայուն եմ»,– նշեց Գայանեն` նկատելով, այս ամենն ամուսնու շնորհիվ է։

Գայանեն կարճատև այցով է Երևանում։ Երևան գալու առիթը նա բաց չի թողնում, միևնույն ժամանակ, ամուսնուն երկար ժամանակ միայնակ չի թողնում։

Գայանեին նվիրված երգի նախապատմությունը մեզ պատմեց երգի հեղինակ և կատարող Ջոնի Կարապետյանը։ «Իմ երգացանկում մի երգ կա` «Սիրում եմ քեզ»–ը, իրենք երկուսն էլ շատ են սիրում այդ երգը։ Ե՛վ Գայանեի, և՛ Օնչոյի աչքերի մեջ երջանկության այնպիսի փայլ կար, որ միտք առաջացավ հատուկ երգ նվիրել իրենց։ Ծնվեց երջանիկ սիրո պատմությունը, որը սիրով նվիրեցի իրենց»,– պատմեց երգիչը։

Վերջինս նշեց, որ սա պատվերով գրված երգ չէ, այլ սրտանց արված նվեր է, քանի որ երկուսի հետ էլ երկար տարիներ ընկերական հարաբերություններ է ունեցել, Գայանեն և Օնչոն իրեն շատ հարազատ են։

Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, որին Հայաստանից հրավիրել են ԱՄՆ` հատուկ այս տեսահոլովակը նկարահանելու համար։ «Անկեղծ ասած, հասկացա, որ երգը շատ լավ է ստացվել, որոշեցի նաև տեսահոլովակ նկարահանել։ Տեսահոլովակում նկարահանվել է Լոս Անջելեսի ամենահայտնի մոդելներից մեկը, որ նկարահանվել է նաև Նիկի Մինաժի, Դևիդ Գուետայի և այլ աստղերի տեսահոլովակներում»,– նշեց երգիչը։ Երգի գործիքավորումն արել է Artur&Bina փրոդաքշընը։

Տեսահոլովակի պրեմիերան կլինի հոկտեմբերի 25-ին, մինչև այդ, ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման հրապարակից։